կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-04 17:54
Քաղաքական

Խոջոյանի և Պետրոսյանի գործերով ՄԻԵԴ վճիռներն ապացուցում են, որ Ադրբեջանը պատերազմից առաջ էլ է խախտել հայ գերիների իրավունքները․ իրավագետ

Խոջոյանի և Պետրոսյանի գործերով ՄԻԵԴ վճիռներն ապացուցում են, որ Ադրբեջանը պատերազմից առաջ էլ է խախտել հայ գերիների իրավունքները․ իրավագետ

Ադրբեջանական գերությունում խոշտանգված և մահացած Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով ՄԻԵԴ վճիռները, որով փաստվում է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու իրավունքները, օգնելու է նաև այժմ Ադրբեջանում գտնվող գերիների գործերով մեր հետագա դատական գործընթացներում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։

ՄԻԵԴ-ի ներկա որոշումները կարևոր են, քանի որ փաստում են, որ Ադրբեջանը ոչ միայն պատերազմի ընթացքում կամ դրանից հետո է խախտել նշված իրավունքները, այլ նաև դրանից առաջ։

«Այս որոշումներով կրկին հաստատվում է, որ Ադրբեջանը անգամ պատերազմից առաջ շարունակաբար վարել է հակահայկական քաղաքականություն և խախտել է թե՛ պատերազմի իրավունքը կամ միջազգային մարդասիրական իրավունքը, և թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված մի շարք իրավունքներ՝ սկսած կյանքի իրավունքից, վերջացրած խտրականության, բռնություների արգելքի իրավունքով»,-ասաց իրավագետը։

Նա վստահեցրեց, որ սա, ըստ էության, ավելացնում է հայկական կողմի ապացուցողական բազան առ այն, որ Ադրբեջանը հատուկ քաղաքականություն է վարում Հայաստանի և հայերի նկատմամբ։

«Սա օգնելու է մեր հետագա դատական գործընթացներում՝ այդ թվում նաև ՄԻԵԴ-ում և թե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում»,-ասաց նա։

Երկու դեպքն էլ տեղի են ունեցել 2014 թ-ին։ Տավուշի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը մահացել էր Հայաստան վերադարձվելուց հետո՝ օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից, իսկ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին հայկական կողմին էր փոխանցվել՝ պնդելով, որ նա մահացել է սրտի կաթվածից։ Չնայած սրան՝ ՄԻԵԴ-ը հաստատել է խոշտանգման և կյանքից զրկելու փաստերը։ Սա նշանակում է՝ այժմ Ադրբեջանում գտնվող գերիների պարագայում էլ՝ լավ աշխատելու դեպքում հնարավոր է ճշմարտությունն ի հայտ բերել՝ անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչպես կներայացնի։

«Միանշանակ, որովհետև եթե անձն անցնում է այլ պետության իշխանության ներքո՝ անկախ կարգավիճակից, այդ պետությունն է պատասխանատու նրա կյանքի իրավունքի երաշխավորման գործում։ Հատկապես եթե արդեն մենք ունենք դեպքեր, որ նախկինում էլ գերիների կյանքին վտանգ է սպառնացել և մարդուն սպանել են խոշտանգելու միջոցով։ Սա էլ դատարանի միջոցով հերթական ապացույցն էր․ մենք հիմա էլ Եվրադատարանում ունեցած մեր գործերի շրջանակում սա որպես ապացույց ենք ներկայացնելու, որ Ադրբեջանը ոչ միայն պատերազմի ընթացքում կամ դրանից հետո է խախտել այդ իրավունքները, այլ նաև դրանից առաջ»,-ասաց Տարոն Սիմոնյանը։

Նա փաստեց, որ ունենք շատ դեպքեր, երբ հայկական կողմը ապացույցներ ունի, որ մեր զինվորներին գերեվարել են, այդ անձինք կենդանի են եղել, որը փաստվում է ադրբեջանցիների իսկ նկարահանած տեսանյութերով, մեկ էլ հետագայում պարզվել է, որ այդ անձինք մահացած են՝ ադրբեջանցիները դիակներն են փոխանցել։ Այս գործերն էլ Եվրադատարանում ներկայացված են։ Իրավագետը վստահ է, որ սրանցով էլ պետք է Եվրադատարանը պատշաճ որոշում կայացնի։

Աննա Բալյան