կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-10 17:46
Հասարակություն

Ադրբեջանում հայ գերիների թիվն 80-ով ավելի շատ է, քան հաստատվել է․ Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանում հայ գերիների թիվն 80-ով ավելի շատ է, քան հաստատվել է․ Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանը թաքցրել է հայ գերիների թիվը։ Մինչեւ նոյեմբերի 16-ի միջադեպը, հաստատված տվյալներով, Ադրբեջանում պահվում էր 40 ռազմագերի, սակայն այդ թիվն իրական չէ։ Եվս առնվազն 80 մարդ գտնվում է գերության մեջ, սակայն Ադրբեջանը հրաժարվում է պաշտոնապես ձեւակերպել նրանց գերեվարումը։ Մինչ օրս նրանց ճակատագրի մասին որեւէ տեղեկություն չկա, նրանց պահում են կամ սպանում։ Այս մասին դեկտեմբերի 10-ին քննարկման ժամանակ հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նա ափսոսանք հայտնեց, որ պաշտոնական մակարդակով հայտարարված թիվը չի համապատասխանում իրականությանը։ «Խոսվում էր 12 կամ 13 գերիների մասին, այն դեպքում, երբ տեսագրություններն ուսումնասիրելիս կարելի է եզրակացնել, որ նրանց թիվն ավելի շատ է։ Քանի դեռ բոլոր հանգամանքներն ուսումնասիրված չեն, հայկական կողմը չի կարող պաշտոնապես ներկայացնել թվերը։ Նախորդ միջադեպերի ժամանակ հայկական կողմն ընդհանրապես թվեր չի հրապարակել, մենք ենք հրապարակել։ Զարմանալի է՝ ինչու է նման պահվածքը փոխվել, ինչու են հրապարակվել թվեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը։  Ադրբեջանը նույնպես դեռ չի հաստատել նոյեմբերի 16-ի միջադեպի հետեւանքով գերիների թիվը, Կարմիր խաչի ներկայացուցիչները նույնպես նրանց չեն այցելել Բաքվում։ Իրավապաշտպանների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գերի է ընկել 32-33 զինծառայող»,-ասաց Սահակյանը։ 

Նա հայտնեց, որ հայկական կողմն անհավասար դիրքում է Ադրբեջանի հետ այն առումով, որ նրանք վճարում են վերլուծական կենտրոններին եւ իրավաբաններին, որպեսզի նրանք իրականությունը ներկայացնեն հօգուտ Բաքվի։ «Երկակի ստանդարտների կիրառման համատեքստում Հաագայի միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու Հայաստանի խնդրանքը։ Նմանատիպ մոտեցում ցուցաբերեց ՄԻԵԴ-ը։ Սա վկայում է այն մասին, որ մենք պետք է ապավինենք միայն մեզ: Այնուամենայնիվ, պետք է դրական գնահատել այն փաստը, որ Հաագայի դատարանն Ադրբեջանին օրենքի առաջ հավասարություն ապահովելու եւ բռնությունից զերծ մնալու պահանջ ներկայացրեց:

Դա չի նշանակում, որ Ադրբեջանում բռնությունը բացառված է, բայց խնդիրը սրվում է հնարավոր հետեւանքներով։ Եթե Ադրբեջանը շարունակի բռնություն կիրառել ռազմագերիների նկատմամբ միջազգային պաշտպանության ներքո, եթե դրանք լրացուցիչ փաստաթղթավորվեն, Ադրբեջանի պաշտոնյաներին, զինվորականներին կամ զինված ուժերի ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու միջազգային ճնշումը կավելանա։

Այդ գործողությունները ոչ միայն որպես հայերի դեմ ուղղված գործողություններ կմեկնաբանվեն, այլ նաեւ` որպես միջազգային դատարանների հեղինակության դեմ գործողություններ, եւ, հնարավոր է, դա ստիպի նրանց ավելի հետեւողական գործել, միջազգային պահանջ ձեւավորել եւ դատապարտել Ադրբեջանի հանցագործությունները»,- եզրափակեց Սահակյանը։