կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-02 18:12
Քաղաքական

Հայ դատի գրասենյակները շարունակելու են Արցախի ճանաչման համար պայքարը

Հայ դատի գրասենյակները շարունակելու են Արցախի ճանաչման համար պայքարը

Սփյուռքն Արցախի հետ է և Արցախի պայքարը չի լքելու, Նյու Ջերսի նահանգի Սենատի կողմից Արցախի ճանաչման մասին «Ապառաժ»-ի հարցին ի պատասխան նշել է ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ դատի խորհրդի պատասխանատու Անի Չաղլասյանը:

Նրա խոսքով՝ Հայ Դատի հանձնախմբի կողմից բանաձևի անցկացման համար մեծ աշխատանք է տարվել: «Աշխատանքը սկսվել է անցյալ տարի: Նյու Ջերսիի Սենատում գործող սենատորներից Ջոզեֆ Լագանան, ով  Դաշնակցության համակիր է, մինչև 44-օրյա պատերազմը ցանկություն է հայտնել նահանգի Սենատում Հայոց Ցեղասպանությանը նվիրված բանաձև անցկացնել: Արցախյան պատերազմից հետո նոր իրավիճակ էր ստեղծվել և Նյու Ջերսիի հանձնախմբի առաջարկով սենատորը համաձայնվեց բանաձևում ներառել նաև Արցախի ճանաչման հարցը»,- նշել է Անի Չաղլասյանը:

ԱՄՆ նահանգների սենատները տարվա ընթացքում մի քանի անգամ են հանդիպում և պետք էր այնպես աշխատել բանաձևի ներկայացումն ու քվեարկությունը կարճ ժամկետում իրականացնելու համար, որպեսզի թուրքական ու ադրբեջանական կողմերը չկարողանային հակադարձել: «Քանի որ նախօրոք ներկայացված բանաձևում փոփոխություններ էին արվել, այն պետք է իրավաբանական հանձնախմբի հավանությանն արժանանար: Մենք հանձնախմբին ներկայացրինք բանաձևի կարևորությունը և հանձնախումբը միաձայն ընդունեց այն: Երեկ կեսօրից հետո Նյու Ջերսիի Սենատում քվերակեության դրվեց և միաձայն ընդունվեց նշված բանաձևը»,- ընթացքը ներկայացնում է մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ հիմա շատ ավելի կարևոր էր Արցախի ճանաչումը, որովհետև կան ուժեր, որոնք Արցախի հարցը փակված են համարում: «Մենք Սփյուռքում այդ մոտեցումները չենք ընդունում: Սփյուռքը Հայաստանի ուժերի հետ կամ առանց նրա պետք է շարունակի պայքարել Արցախի համար: Մեր նպատակը Ազատ, անկախ և միացյալ Հայաստանն է և «միացյալ» բաժինը երբեք չենք մոռանալու»,- ասել է Ա. Չաղլասյանը:

Անդրադառնալով այլ նահանգներում Արցախի անկախության ճանաչման հնարավորությանը՝ մեր զրուցակիցը նշել է, որ ամեն նահանգում աշխատելաոճը տարբեր է, բայց ամենուր այդ պայքարը շարունակվում է: