Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը լրագրողներին ներկայացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած նոր հետազոտության՝ «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրություն» արդյունքները:
Գարիկ Հայրապետյանը նշեց, որ մարտի 8-ն այն տոնն է, որը լավագույն զգացողություններն է արթնացնում բոլորի մոտ, տոն, որը ծնվել է որպես կանանց պայքարի խորհրդանիշ: Նա ասաց, որ առաջին անգամ այս տոնը նշվել է 1909թ. փետրվարին Նյու Յորքում և նվիրված է եղել իրենց աշխատավարձերի բարձրացման համար պայքարող` հագուստ արտադրող կանանց գործադուլին: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մարտի 8-ը դարձավ պաշտոնական, բայց աշխատանքային տոն, և միայն 1965թ. ՍՍՀՄ Գերագույն խորհուրդը մարտի 8-ն ընդունեց որպես ոչ աշխատանքային օր, 1977թ. այս տոնը դարձավ միջազգային, երբ ՄԱԿ-ը ընդունեց մարտի 8-ը որպես կանանց իրավունքների և համաշխարհային խաղաղության տոն: 2015-ին համաշխարհային տնտեսական ֆորումը գնահատեց, որ եթե այս տեմպերով պայքարենք կանանց իրավունքների հավասարության համար, ապա դրան կհասնենք 2133 թվականին:
Անդրադառնալով այն բանին, թե ինչ գենդերային անջրպետ է Հայաստանում` աշխատանքային առումով, նա նշեց, որ կանանց աշխատավարձը 35,9 տոկոսով ցածր է տղամարդկանց աշխատավարձից: Վրաստանում այդ ճեղքվածքը 51 տոկոս է, Ղազախստանում` 38 տոկոս, ԵՄ երկրներում՝ 16 տոկոս:
«Հայաստանում կանանց նկատմամբ աշխատանքային սահմանափակումը ՀՆԱ-ի վրա արժենում է 50-60 միլիոն դոլար, այսինքն` Հայաստանն այդքան գումար չի ստանում»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:
Անկախ փորձագետ Նվարդ Մանասյանը նշեց, որ կանայք Հայաստանում ներգրավված են հիմնականում այն աշխատանքներում, որոնք միջինից ցածր են վարձատրվում, կամ մրցունակ ոլորտներ չեն: Օրինակ՝ բարձր վարձատրվող ՏՏ ոլորտում , ֆինանսական ու ապահովագրական ոլորտներում կանայք այդքան էլ ներկայացված չեն, ներկայացված լինելու դեպքում էլ ավելի ցածր են ստանում, քան տղամարդիկ: Պետական հատվածում ներգրավված կանանց 60 տոկոսը ստորին օղակներում է աշխատում, մինչդեռ տղամարդիկ ներկայացված են հիմնականում բարձր պաշտոններում, հետևաբար, կանայք այնքան էլ չեն մասնակցում որոշումների կայացման գործընթացին: