կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-25 11:59
Հասարակություն

Հայաստանում տղամարդիկ ավելի շատ են դիմում ինքնասպանության, քան կանայք

Հայաստանում տղամարդիկ ավելի շատ են դիմում ինքնասպանության, քան կանայք

2015-ին գրանցված`  ինքնասպանության 557 փորձերի 35%-ը կանխվել է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: Նրա խոսքով` նախորդ տարի ինքնասպանության դեպքերի թվի աճ է գրանցվել. արձանագրվել է 195 ինքնասպանության դեպք, ընդ որում` 133-ը՝ կախվելու, 32-ը՝ բարձրությունից ցած նետվելու միջոցով:

Ըստ Խանգելդյանի՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում արական սեռի ներկայացուցիչները 3-4 անգամ շատ են ինքնասպանության դիմում, քան կանայք: Խոցելի տարիքային խումբ է համարվում 40-ից բարձրը:

Խանգելդյանը հայտնեց, որ ինքնասպանության դեպքերի գերակշիռ մասը տեղի է ունեցել Երևանում, այնուհետև` Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում: Շատ են լինում դեպքեր, երբ ինքնասպանության փորձ կատարողներն անձամբ զանգահարում են 911 և սպառնում, որ նման քայլի են դիմելու:

«Նույն մարդը տարվա մեջ կարող է 20 անգամ զանգահարել 911 և ասել, որ ինքնասպանության է դիմելու: Ահազանգերն ավելի շատ են լինում, սակայն գնում, տեսնում ենք՝ մարդ չկա»,- ասաց նա:

Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ ինքնասպանության դիմելու պատճառը պետք է փնտրել մարդու մեջ: «Ինքնասպանության դիմողները խնդիրներն ապրում են, ոչ թե լուծում: Ոչ թե թույլ մարդիկ են դիմում ինքնասպանության, այլ թույլ ու սխալ փիլիսոփայություն ունեցողները»,- ասաց նա:

Ի դեպ, հոգեբանի խոսքով, եվրոպական երկների հետ համեմատ, մեր երկրում քիչ են ինքնասպանության դեպքերը: