Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի՞նչ են ուզում կանայք, որ իրենք ավելի բարձր լինեն, քան տղամարդի՞կ, թե՞` որ հավասար մնան տղամարդկանց հետ: Հիմա հավասար են, հիմա երկուսին էլ ծեծում են, երկուսի մոտ էլ քֆուր են տալիս, երկուսն էլ քֆուր են տալիս, երկուսն էլ ծեծում են: Իրականում` կանայք պայքարում են ոչ թե, որ իրենց այլեւս չծեծեն, այլ` որպեսզի իրենք էլ կարողանան նախագահ ընտրվել, բանկիր դառնալ, ավելի ծայրահեղականներն անգամ ուզում են բանակում ծառայել, ենթադրենք` տանկային գումարտակներում: Ես անձամբ ճանաչում եմ որոշ կանանց, ովքեր պատշար էլ են աշխատում, ճիշտ է` այդ մասին չեն երազել, բայց կարողանում են: Այսինքն` խոսքն աշխատանքային իրավահավասարության մասին է: Ոչ մի րոպե չկասկածելով անգամ, որ կինը կարող է ե’ւ պատ շարել, ե’ւ տանկից կրակել, ե’ւ նախագահ աշխատել, ե’ւ բանկ կառավարել, այդուհանդերձ, մի հռետորական հարց` չե՞ք կարծում, որ երբ կանայք էլ բանակ գնան, պատերազմ գնան, մարդ սպանեն, իսկ պատերազմում հնարավոր չէ մարդ չսպանել, հնարավոր է, բայց միայն այն պարագայում, երբ քեզ են սպանել, դրանով իսկ այս ամենը փուլ կգա, այս ամենը, այսինքն` այս աշխարհը, որտեղ տղամարդը չարն է, կինը՝ բարին, տղամարդը չարը չէ, բայց կինը բարին է, տղամարդը՝ ոչ: Ես չեմ պնդում, որ կան բացառապես տղամարդկային մասնագիտություններ, կրկնում եմ` պատ շարող կանանց տեսել եմ, բայց ես պնդում եմ, որ կանայք չպետք է պատերազմ գնան, եւ էլի պնդում եմ, որ տղամարդիկ չպետք է ծննդաբերեն:
Եթե հանկարծ կանայք պատերազմ գնան, եւ տղամարդիկ ծննդաբերեն, աշխարհում չարն ու բարին խառնվելու են, քանի որ աշխարհում բոլորը պատերազմելու են, որովհետեւ արդեն նաեւ կանայք են պատերազմելու, բայց ոչ ոք երեխա չի ունենալու, քանի որ արդեն նաեւ տղամարդիկ կարող են երեխա ունենալ եւ, որովհետեւ տղամարդիկ դա չեն կարող, չեն դիմանա: Կանայք պատերազմին կդիմանան, տղամարդիկ ծննդաբերությանը չեն դիմանա, որովհետեւ մահն ավելի թեթեւ բան է, քան կյանքը, մեռնելն ավելի հեշտ է, քան ծնվելը, սպանելն ավելի դյուրին է, քան ծնելը, ծնելն աշխարհում ամենաբարդն է, եւ աշխարհում ամենաբարդ բանը կանայք են անում, միայն նրանք են անում, միայն նրանք են կարողանում անել, ուրիշ ոչ ոք, նաեւ` Աստվա՚՞ծ, գուցե, բայց Աստված վաղուց արդեն մարդ չի ծնել, այդ գործը վաղուց արդեն կինն է անում:
Հիմա` ծիծաղելի չէ՞, արդյոք, որ կանայք պայքարում են տղամարդու հետ նույն իրավունքներն ու հնարավորություններն ունենալու համար, իհարկե, ծիծաղելի չէ, քանի որ սա ողբերգություն է, սա համաշխարհային ողբերգություն է, որովհետեւ, եթե մենք ուզում ենք, որ միջազգային խաղաղություն լինի, ինչի օրն է այսօր` ի դեպ, ապա կինը պետք է կին մնա, տղամարդը՝ տղամարդ, որտեղ կինը բարին է: Բարի նախագա՞հ, իհարկե, լինում է, համենայն դեպս, կարող է լինել: Բարի բանկի՞ր, գուցե եւ լինում է, ավելի ճիշտ՝ կարող է լինել: Բայց բարի պատերազմող չի լինում, բարի ծնող լինում է: Երբ կանայք իրավասություններով եւ հնարավորություններով հավասարվեն տղամարդկանց, այս ամենը կավարտվի, այս ամենը, այսինքն` այս աշխարհը, որի ստեղծող Աստվածն, ի դեպ, տղամարդ էր, համենայն դեպս՝ Որդի Քրիստոսը նրան Հայր էր ասում: Պարզապես ամենակարող Աստված հասկացավ, որ միայն իրենից /տղամարդուց/ բարի չի կարող լինել եւ դիմեց Մարիամի /կնոջ/ օգնությանը: Նա հո չգիտե՞ր, որ հետո, ուրիշ մարիամները պետք է պայքարեն, որ իրենց էլ բարի չասեն… Բայց ես համառորեն ասում եմ՝ դուք բարի եք, ավելի ճիշտ՝ բարին դուք եք, դա չի նշանակում, որ ձեր առաքելությունը միայն ծնող լինելն է, ինչպես եւ չի նշանակում, որ մեր առաքելությունը միայն պատերազմելն է, բայց դա նշանակում է, որ ծնողը դուք եք, պատերազմողն էլ մենք: Ուրեմն բարին դուք եք:
Հովիկ Աֆյան