կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-24 12:57
Հասարակություն

ԱԹՍ-ներ է արտադրելու եւ արտահանելու. ընկերությունը 4,25 մլրդ դրամի ներդրում կանի

ԱԹՍ-ներ է արտադրելու եւ արտահանելու. ընկերությունը 4,25 մլրդ դրամի ներդրում կանի

Կառավարության այսօրվա՝ հունիսի 24-ի նիստում «ԱՐՏԵԿ ՓՈՎԵՐ ՍԻՍՏԵՄՍ» ՍՊԸ-ն եւս ներառվել է «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտում: Այս ընկերությունը զբաղվելու է, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ եւ արտահանմամբ:

Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 5 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ալյանս» ազատ տնտեսական գոտին գործարկվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին։

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավելու ներդրումներ, խթանելու բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստելու տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Ծրագրի շրջանակներում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 4,25 մլրդ դրամ:

Ծրագրի ընթացքում կստեղծվեն 85 և ավելի նոր աշխատատեղեր` շուրջ 450 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 550 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ընկերությունը գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 250 քմ գրասենյակային տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 1000 քմ մակերեսի հինգերորդ տարում:

Գործարար ծրագիրը գնահատվել է 83.6 միջին միավոր: