Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մասնակցել է «Երևան Ջուր» ընկերության պայմանագրային 7-րդ տարվա տեխնիկական աուդիտի հաշվետվության արդյունքների ներկայացման միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ոլորտի այլ պաշտոնյաներ, մասնագետներ։ Ընկերությունը հաշվետվության մասնագիտական փաստաթուղթը ներկայացրել է տեսաֆիլմի տեսքով, որի ավարտից հետո ներկաները վերլուծել են արդյունքները։
Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը «Երևան Ջուր» ընկերության պայմանագրային գործունեության 7-րդ տարվա ցուցանիշները որպես լուրջ ձեռքբերում է գնահատել ընկերության կառավարման, ֆինանսատնտեսական գործունեության, ծառայությունների մատուցման և մի շարք այլ առումներով։
«Առանցքային ցուցանիշները, որով ընկերությունն ամփոփում է տարին, կարելի է համարել գոհացուցիչ՝ ջրամատակարարման որակի բարելավման, հոսակորուստների կրճատման, բաշխիչ ցանցի ֆիզիկական վիճակի բարելավման, արտադրվող ջրաքանակի սահմանների ծավալների ճշգրտման, ծառայությունների մատուցման, առևտրային հասույթի ձեռքբերման, վարչարարության առումներով. ձեռքբերումներն ակնհայտ են։ Որպես կառավարության կողմից լիազորված վարձատու՝ Երևանի քաղաքապետարանն էական բարեփոխումներ է գրանցել ընկերության ամենօրյա աշխատանքում նաև արագ արձագանքման տեսանկյունից։ Անշուշտ, նաև հիմնախնդիրներ և շարունակական անելիքներ ունենք. այդպիսին է համակարգի ֆիզիկական վիճակը, դա է մայրաքաղաքի բնակիչների պահանջը»,- նշել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը և վստահություն հայտնել, որ 8-րդ տարին «Երևան Ջուր» ընկերությունն ամփոփելու է ներկա հաշվետու տարին գերազանցող արդյունքներով։
Հաշվետվության ներկայացմանը ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ևս ընկերության տարեկան ցուցանիշները գոհացուցիչ է գնահատել։ Նշելով, որ ջրամատակարարման ոլորտի ֆրանսիական ընկերությունները միջազգային մեծ փորձ ունեն, դեսպանն ընդգծել է, որ բարձր ցուցանիշներ գրանցած ընկերությունն այդպիսով ստանձնում է ձեռքբերումները խորացնելու պարտավորություն։
«Երևան Ջուր» ՓԲԸ-ի տնօրեն Գոռ Գրիգորյանն ամենօրյա աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին, ինչպես նաև հանդիպման ներկաներին և, հաշվետվությունից հատկանշելով հանրության ուշադրության արժանացող հիմնական ցուցանիշները, ընդգծել է, որ գրանցված ցուցանիշներին զուգահեռ ավելանում են սպառողների ակնկալիքները։
«Երևանում այսօր 60%-ով ապահովված է 23.5-ից ավելի ժամի ջրամատակարարում, ընկերությունը պայմանագրային 7-րդ տարում 2 մլրդ 302 մլն դրամի ներդրում է կատարել։ Չնայած առաջընթացին, չսահմանափակվելով ձեռքբերումներով՝ պետք է էլ ավելի հզորացնենք համակարգը։ Ընկերությունը պատրաստ է պայմանագրային 8-րդ տարում ստանձնել այդ պարտավորությունը»,- նշել է «Երևան Ջուր» ՓԲԸ-ի տնօրեն Գոռ Գրիգորյանը։