կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-09 15:32
Աշխարհ

Բլինքենը հայտնել է, թե ինչ են քննարկելու Բայդենը և Էրդողանը

Բլինքենը հայտնել է, թե ինչ են քննարկելու Բայդենը և Էրդողանը

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունների քննարկումը կդառնա երկու երկրների նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական հարցը: Այս մասին երեքշաբթի հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Վստահորեն կարող եմ ասել, որ երբ նախագահ Բայդենը հանդիպի նախագահ Էրդողանի հետ, դա կլինի օրակարգի հիմնական կետը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև:

Բլինքենի կարծիքով՝ Թուրքիան «խորապես անհանգստացնող» գործողություններ է ձեռնարկել Արևելյան Միջերկրական ծովում:

«Ես նաև կասեմ, որ մենք շահագրգռված ենք Թուրքիան Արևմուտքին «խարսխված» պահել: Մենք ունենք կարևոր և համընկնող շահեր Սիրիայում, ահաբեկչության դեմ պայքարում, Աֆղանստանում, Ռուսաստանի և Իրանի որոշակի վնասակար ազդեցությունը հետ մղելու առումով: Բայց մենք պետք է ուղղակիորեն գործ ունենանք տարաձայնությունների հետ»,- հավելել է նա:

Նախատեսվում է, որ Էրդողանի և Բայդենի միջև երկկողմ բանակցությունները տեղի կունենան հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Պետությունների ղեկավարների պաշտոնում սա կլինի նրանց առաջին հանդիպումը. Թուրքիան դրան սպասում էր ձմռանից: Այնուամենայնիվ, կողմերը չեն դադարեցնում փոխադարձ գրոհներն ու քննադատությունները: Մասնավորապես՝ Էրդողանը մեղադրում է Վաշինգտոնին Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար ապակառուցողական և վտանգավոր քաղաքականություն վարելու մեջ, իսկ ԱՄՆ-ն, իր հերթին, ազդարարում է, որ իրեն անհանգստացնում է Թուրքիայում «ժողովրդավարության հետընթացը»: