կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-30 17:21
Քաղաքական

Որո՞նք են այն ՀԿ-ները, որոնք որոշելու են, թե ովքեր են քաղբանտարկյալ. Արփինե Հովհաննիսյան

Որո՞նք են այն ՀԿ-ները, որոնք որոշելու են, թե ովքեր են քաղբանտարկյալ. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում «Ելք»-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանից հետարքրքվեց` արդյո՞ք ընդունում է այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները դրսևորել են պետական, քաղաքական գործչին վայել վարքագիծ և հաշվի են առել այդ իրողությունները:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում, կարծում եմ, իշխանության մեջ եղել են և կան գործիչներ, ովքեր դրսևորել են պետական գործիչներին վայել պահվածք»,- պատասխանեց Փաշինյանը` նշելով, որ այժմ իրենք մտածում են ոչ թե հետևանքների տակից դուրս գալու, այլ նոր հնարավորություններն օգտագործելու մասին:

Նա չհամաձայնեց Հովհաննիսյանի այն կարծիքին, որ ինքն ինչ-ինչ հարցերում փոխել է իր տեսակետը: «Երբ Դուք ասում եք` տեսակետներ են փոխվել, ես չեմ ընդունում, որովհետև մեր` այս կամ այն օրենքին քվեարկելն անփոփոխ է, մենք չենք կարող հետ գնալ և փոխել դա»,- ասաց Փաշինյանը` նշելով, որ իրականում ոչ թե տեսակետն է փոխվել, այլ փոխվել է այն գործնական խնդիրը, որն առաջադրված է լուծելու համար: Ըստ նրա` իրենց առջև դրված խնդիրը Հայաստանի պետական շահերի սպասարկում է:

Արփինե Հովհաննիսյանը Փաշինյանին հարց ուղղեց նաև քաղբանտարկյալների վերաբերյալ: «Դուք լրագրողների հետ զրույցում ասել եք բառացիորեն հետևյալը. «Կա՞ն Հայաստանում քաղբանտարկյալներ, թե՞ ոչ, կորոշեն մասնագիտացված ՀԿ-ները»: Որո՞նք են այդ կազմակերպությունները: Օրինակ` կան իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք ասում են, որ «Սասնա ծռերը» քաղաքական բանտարկյալներ են: Ինչպե՞ս եք վարվելու այս դեպքում»,- հետաքրքրվեց Հովհաննիսյանը:

Փաշինյանը կարծիք հայտնեց, որ քաղբանտարկյալների հարցով որոշումներ կայացնելիս պետք է առաջնորդվել որոշակի գաղափարախոսություններով, չափորոշիչներով: Ըստ նրա` քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին պետք ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում և այդ մոտեցման միակ նպատակը պետք է լինի հանրային վստահության վերականգնումը:

ԱԺ փոխնախագահը վարչապետի թեկնածուից հետաքրքրվեց նաև, թե նրա քաղաքական հաջողությունների համար ո՞ր քաղաքական ուժերն են պատասխանատվություն կրելու: «Ովքե՞ր են Ձեր քաղաքական հենարանը, ո՞վ է քաղաքական պատասխանատուն»,- հարցրեց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Այս փուլի քաղաքական պատասխանատվությունը կրում են մեր շարժումը և անձամբ ես»,- պատասխանեց Փաշինյանը: