կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-26 20:59
Հասարակություն

Որոշ պաշտոնատար անձինք հանրության հանդեպ անպատասխանատու և հանցավոր վարքագիծ են դրսևորում, ինչը նպաստում է մարդկանց ագրեսիվացմանը. Արման Թաթոյան

Սահմանազատումը մարդու իրավունքների տեսանկյունից կարևոր գործընթաց է, իսկ որոշ պաշտոնատար անձինք անում են անպատասխանատու և վտանգավոր հայտարարություններ՝ կապված ՀՀ սահմանների հետ, խոսում են ինչ-որ մեխանիկական մոտեցումներով, կարծես մկրատով թուղթ են կտրում և դրանով սահման գծում. նման հայտարարությունները թմրեցնում են մեր ժողովրդի զգոնությունը, վտանգում մեր երեխաների ապագան և խաղաղությունը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մայիսի 12-ից ադրբեջանցիներն ապօրինաբար ներխուժել են Սյունիք և Գեղարքունիք, բայց նրանց սադրանքները նոր չէ, որ սկսվել են: Պետությունը պետք է որդեգրի տեղեկատվական ճիշտ քաղաքականություն, և եթե խնդիրը գոյություն ունի, իշխանությունը որքան էլ հերքի այն, տեղեկությունը, միևնույն է, դուրս է սպրդելու: Սխալ տեղեկատվական քաղաքականության պատճառով իջնում է պաշտոնական տեղեկատվության հանդեպ վստահությունը: Ադրբեջանական բոլոր սադրանքները պետք է հատ առ հատ հրապարակվեն»,- ասել է օմբուդսմենը:

Ըստ Թաթոյանի՝ ադրբեջանական կողմը փորձում է ուժի սպառնալիքի ներքո խորանալ մեր տարածքում, միաժամանակ ցույց է տալիս, թե իբր Հայաստանը պատրաստ չէ խաղաղության. «Մենք չպետք է թույլ տանք, որ նրանք մոլորեցնեն միջազգային հանրությանը, կեղծիքների հիման վրա ինչ-որ պատմություններ հնարեն: Պաշտոնյաները պետք է նկատի ունենան, որ իրենց ցանկացած խոսք կարող է օգտագործվել մեր դեմ՝ իբրև ապացույց: Գործադիր իշխանության և կառավարող խմբակցության ներկայացուցիչները պետք է առավել զգուշորեն արտահայտվեն»:

Պաշտպանի կարծիքով՝ սահմանազատման հարցում պետք է հաշվի առնել՝ արդյոք համայնքների բնակիչների կյանքում ի՞նչ է փոխվելու. «Շատ բնակիչների արոտավայրեր հայտնվել են թշնամու նշանառության տակ, մի քանի համայնքում մարդկանց տները ֆիզիկապես հայտնվել են Ադրբեջանում: Սահմանազատման հարցերում գլխավոր սկզբունքը մարդն է: Եթե սահմանազատման արդյունքում ի վերջո մարդու կյանքը խաթարվում է, այդ սահմանազատումն արժեք չունի: Ստացվում է՝ մենք հաստատում ենք, որ այդ իրավունքներից զրկվելը նորմալ է»:

Արման Թաթոյանի պնդմամբ՝ ընտրարշավի նախապատրաստական օրերին մտահոգիչ է հանրության բևեռացումը, վիրավորանքի ծավալը: «Չկա առողջ քննարկում, պաշտոնատար անձինք հայհոյանքներ են գնում համացանցում, ես այդ հրապարակումներն ուղարկել եմ իրավապահ մարմիններին: Պաշտոնատար անձանց այդ գրառումները մեծացնում են հանրության ագրեսիվությունը, դրանք նաև հանցագործությանը նպաստող պայմաններ են դառնում, և կարևոր է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելը: Կան պաշտոնյաներ, որոնք բացահայտ կերպով ցուցադրելով իրենց թվացյալ առավելությունը մյուսների հանդեպ՝ անպատասխանատու և հանցավոր վարքագիծ են դրսևորում»,- ամփոփել է Արման Թաթոյանը: