կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-24 15:16
Տարածաշրջան

Քրդերն Իրաքում 6 թուրք զինվորականների են սպանել

Քրդերն Իրաքում 6 թուրք զինվորականների են սպանել

Քուրդիստանի ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել հյուսիսային և հարավային Քուրդիստանի (Թուրքիայի հարավ և Հյուսիսային Իրաք) որոշ հատվածներում իրենց ուժերի կողմից թուրքական օկուպացիայի դեմ իրականացված գործողությունների շարքի մասին:

Թուրքական բանակի ռազմական կետի վրա հարձակումն իրականացվել է երկու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Քուրդիստանի ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մամուլի կենտրոնի հայտարարության մեջ ասվում է, որ ՀՕՊ ուժերը օդային գործողություն են իրականացրել մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը: Գործողությունն ուղղված էր Դիարբեքիրում թուրքական բանակի կենտրոնական հրամանատարությանը պատկանող ռազմական օդանավակայանի դեմ:

«Առաջին անօդաչու թռչող սարքն ուղղված էր այն շենքին, որտեղ տեղակայված էին Թուրքիայի օդուժի սպաներն ու անձնակազմը: Միաժամանակ, երկրորդ անօդաչու թռչող սարքն ուղղված էր թուրքական օկուպացիոն ուժերի ինքնաթիռներինն: Այս երկու գործողությունները հանգեցրին հզոր պայթյունների թուրքական օկուպացիայի ռազմական ինքնաթիռների կենտրոնական հրամանատարության շենքում: Այս գործողության արդյունքում ոչնչացված թուրք օկուպանտների օդաչուների և զինյալների ստույգ թիվը դեռ հայտնի չէ:

Մայիսի 18-ին՝ ուղիղ 00:30-ին, մեր ուժերը ռազմական գործողություն իրականացրին թուրքական օկուպացիոն բանակի «Ռիո» տիպի մեքենայի վրա Հաքուրքի շրջանում (Իրաք), երբ թուրք օկուպանտներն անցնում էին Քաֆուրտիի և Լելկանի միջև ընկած տարածքով: Այս գործողությունը հանգեցրել է թուրք օկուպանտների տրանսպորտային միջոցի ամբողջական և առնվազն 6 թուրք օկուպանտների ոչնչացմանը»,– ասվում է հայտարարության մեջ։

ՔԺԻ ուժերի հայտարարության համաձայն՝ մայիսի 18-ին և 19-ին իրենց ուժերը մի շարք ռազմական գործողություններ են իրականացրել թուրք օկուպանտների դեմ Հյուսիսային և Հարավային Քուրդիստանի որոշակի տարածքներում, սակայն կորուստների մասին հաստատված տեղեկատվություն չկա։