կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-24 11:46
Աշխարհ

ԵՄ-ն նախազգուշացրել է Բելառուսին, որ ընդդիմադիրի տեղափոխող ինքնաթիռին Մինսկում վայրէջք պարտադրելը հետևանքներ կունենա

ԵՄ-ն նախազգուշացրել է Բելառուսին, որ ընդդիմադիրի տեղափոխող ինքնաթիռին Մինսկում վայրէջք պարտադրելը հետևանքներ կունենա

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն անընդունելի է համարել Մինսկում «Ryanair»-ի չվերթի հարկադրված վայրէջքը, որում գտնվում էր ընդդիմադիր թելեգրամյան ալիքի խմբագիրը, և զգուշացրել, որ նման գործողությունները կարող են հետևանքներ ունենալ: Այդ մասին հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»:

«Բացարձակ անընդունելի է Աթենքից Վիլնյուս թռիչքի հարկադիր վայրէջքը Մինսկում: Բոլոր ուղևորները պետք է ունեն հնարավորություն՝ շարունակելու իրենց ճանապարհը դեպի Վիլնյուս՝ ապահով կերպով: Միջազգային տրանսպորտի կանոնների ցանկացած խախտում պետք է հետևանքներ ունենա»,- ասել է նա Twitter-ում:

«Մենք կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել ինքնաթիռը և բոլոր ուղևորներին: Այս միջադեպի կապակցությամբ անհրաժեշտ է ICAO-ի հետաքննություն»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է իրավիճակին:

«Դա բացարձակապես անընդունելի է: Մենք համարում ենք, որ Բելառուսի իշխանությունները պատասխանատու են բոլոր ուղևորների և ինքնաթիռի անվտանգության համար: Բոլոր ուղևորները պետք է կարողանան անմիջապես շարունակել իրենց ճանապարհը»,- գրել է նա:

Նման հաղորդագրությամբ է արձագանքել նաև Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը՝ կոչ անելով հետաքննել միջադեպը, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված ակտիվիստին:

Բալթյան երկրները Բելառուսի գործողությունները որակել են որպես անընդունելի և ցնցող ու պահանջում են ազատել Պրոտասևիչին:

Մայիսի 23-ին Մինսկում, իբր ռումբի առկայության մասին հաղորդագրության պատճառով,  ստիպված է եղել վայրէջք կատարել Աթենքից Վիլնյուս թռիչք իրականացնող ինքնաթիռը, որի ուղևորների թվում էր NEXTA հեռագրային ալիքի նախկին խմբագիր Ռոման Պրոտասևիչը. նա բերման է ենթարկվել: Ռոմանին հաջողվել է տեղեկացնել իր գործընկերներին, որ Աթենքի օդանավակայանում անհայտ տղամարդը փորձել է լուսանկարել իր փաստաթղթերը, և ենթադրելի է, որ նա հատուկ ծառայությունների մարդ էր:

Լուկաշենկոյի կողմից վերահսկվող «Пул Первого» թելեգրամյան ալիքը հայտնում է, որ օդաչուներն իբր դիմել են Մինսկի օգնությանը, չնայած ինքնաթիռը գրեթե հատել էր Լիտվայի հետ սահմանը, և նրան ուղեկցելու համար կործանիչ էր բարձրացվել:

Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ սա ակնհայտորեն բելառուսական հատուկ ծառայությունների գործողություն է: Նա նշել է, որ Բելառուսում ահաբեկչության մեջ մեղադրվող Պրոտասևիչին սպառնում է մահապատիժ: «Բելսատ»-ը գրում է, որ Պրոտասևիչն ընդգրկվել է «ահաբեկչական ցուցակում», նրան պաշտոնապես չեն մեղադրել ահաբեկչության մեջ: