կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-19 20:50
Հասարակություն

Գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում. Sputnik Արմենիա

Գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում. Sputnik Արմենիա

Հինգ հայ գերիներին Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «Spuntik Արմենիա»-ն:

Վերադարձող գերիներն են Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։

Նրանցից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդանյանին, հուլիսի 23-ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:

Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22-ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։

Այսօր Բաքվից վերադարձող մեկ այլ ռազմագերու` Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի և ևս 12 հայ զինծառայողի նկատմամբ նմանատիպ որոշում էր կայացվել հուլիսի 29-ին։

Հայ ռազմագերիների վերադարձին մասնակցել է Արցախում ռուս խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը, որի միջնորդությամբ են նաեւ Հայաստան վերադարձել հայ ռազմագերիների նախորդ խմբերը:

Նախորդ անգամ ռազմագերիներ վերադարձել էին սեպտեմբերի 7-ին՝ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը, որոնք գերեվարվել էին այս տարվա հուլիսի 14-ին՝ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում. նրանց դիմաց ադրբեջանական կողմին էր փոխանցվել Արցախի Մարտակերտ քաղաքի տներից մեկում հայտնաբերված եւ ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաեւը: