Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե խախտումները չլինեին՝ Նիկոլ Փաշինյանն ու թիմը նույնիսկ նվազագույն շեմը չէին անցնի, ես ավելի բարձր կարծիք ունեմ հայ ժողովրդի մասին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանը, որի դիմումը ևս ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքը վիճարկելու գործով։
Նա վստահ է, որ Փաշինյանը ապօրինի էր վարչապետի պաշտոնակատարի լիազորություններ իրականացնում։
«Միանշանակ, դա ես նույնիսկ չեմ էլ քննարկում, այդ առումով տվել եմ հաղորդում Գլխավոր դատախազին, և ինձ պատասխանել են, որ սահմանադրական վեճ է, բայց հարցը բարձրացրել եմ նաև ՍԴ-ում»,-ասաց Արտակ Գալստյանը։
Նա նշեց, որ ընտրական գործընթացում հիմնական խախտումները տեղի են ունեցել ի սկզբանե օրենքը փոխելով, որով դրվել է ընտրակեղծարար համակարգի ողջ հիմքը՝ քվեարկության կարգը փոխելով կարողացել են տոտալ կերպով վերահսկել ընտրողների քվեարկության ընթացքը, քվեաթերթիկները հաշվառումից հանելով՝ կարողացել են ցանկացածի ձեռքը քվեաթերթիկներ տալ, վստահված անձանց ստորագրությունն էլ փոխարինելով դրոշմակնիքով՝ կարողացել են ցանկացածի փոխարեն քվեարկել։ Նրա խոսքով, այս ամենը վարկածի մակարդակով է, ոչ թե հաղորդում է հանցագործության մասին, քանի որ հանցագործության մասին հաղորդումն արդեն տրված է։
Նիկոլ Փաշինյանի՝ կացնով քարոզարշավը նա դիտարկում է որպես ընտրողների կամքի վրա բռնանալու գործընթացի մի հանգրվան։
«Սկզբում ստեղծվեց «սև ու սպիտակը», հետո ներկայացվեց, որ կողմերից մեկը ամենավատն է, հետո ցանկացած ուժ, որը ցանկանում էր կարծիք հայտնել «Հայաստան» դաշինքի մանգաղի, կամ Նիկոլ Փաշինյանի մուրճի, կամ Սերժ Սարգսյանի կողմից պատուհաններ ջարդելու վրա, ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ երբ դու ցանկանում ես կարծիք հայտնել՝ ավտոմատ կերպով դառնում ես նիկոլական, կամ քոչարյանական, կամ սերժական։ Բնականաբար, վերջը վերցնում ես մուրճը ձեռքդ ու ասում՝ ա՛յ, այս վատ մարդկանցից ձեր միակ փրկիչը ես եմ։ Այսինքն, մուրճը ոչ թե որպես սպառնալիք ենք դիտում, այլ որ «միայն ես կարող եմ ձեզ փրկել ֆիզիկական և ամեն տեսակի ոչնչացումից»։ Բայց ոչ մի տրամաբանող մարդ իրեն հարց չի տալիս՝ լավ, հասկացանք, առերևույթ թալանչի են, էս են, էն են, բայց, համենայն դեպս, մինչև Նիկոլ Փաշինյանի գալը այս մարդիկ կառավարել են այս երկիրը և այնպես են կառավարել, որ կարողացել է ստեղծվել Նիկոլ Փաշինյանը։ Միակ մեղադանքը, որ կարելի է առաջադրել երկու նախկին նախագահներին, այն է, որ իրենք թույլ են տվել Նիկոլ Փաշինյանի առաջացումը ընդհանրապես»,-ասաց Արտակ Գալստյանը։
ՍԴ անաչառությանը նա կանդրադառնա ՍԴ որոշման հրապարակումից հետո։
«Այս պահին ասել, որ կա որևիցե խոչընդոտ՝ չեմ կարող, բոլորս՝ իրենք էլ մեզ հետ, մինչև գիշերվա ուշ ժամը աշխատում ենք, ինչ-որ մեկի իրավունքի սահմանափակում չկա։ Այս պահին ոչ մի բացասական գործընթաց չենք տեսնում»,-ասաց նա։
ՍԴ-ի՝ շաբաթ-կիրակի ևս աշխատելը Արտակ Գալստյանը օրինաչափ է համարում, պատճառաբանում է սեղմ ժամկետով՝ Սահմանադրությունը սահմանափակում ունի՝ 15 օրում պետք է հասցնեն որոշում կայացնել, ամեն ինչ անում են, որ 15 օրվա նորմը պահպանվի։
Սյունիքի համայնքապետերի հետապնդումները հենց այս օրերին, Մեղրիի Ագարակ խոշորացված համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանին ոստիկանական բաժանմունքի առջև պառկեցնելը, լուսանկարելը, նոր ներս թողնելը այն դեպքում, որ նա ինքնակամ էր ներկայացել, Արտակ Գալստյանը միանշանակ համարում է ընտրական գործընթացի մաս, որովհետև ընտրությունները սկսվում և ավարտվում են ՍԴ որոշմամբ։
«Բացառված չէ, որ դրանք ՍԴ դատավորների վրա ճնշում գործադրելու միջոց են, քանի որ երբ հաշվի ենք առնում, թե Սահմանադրական դատարանի վրա ինչպիսի ճնշումներ են գործադրվել, ապա սա առաջին դեպքը չէ՝ դատարաների շրջափակում, ՍԴ դատավորների վրա ճնշում, Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործերի հարուցում»,-ասաց Արտակ Գալստյանը։
Աննա Բալյան