կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-19 16:49
Քաղաքական

Քանի գնում՝ Արցախում մտավախությունը մեծանում է․ Մարտակերտի հոգեւոր հովիվ

Քանի գնում՝ Արցախում մտավախությունը մեծանում է․ Մարտակերտի հոգեւոր հովիվ

Մտահոգ եմ, կան բաներ, որ աններելի են։ Ի՞նչ եղավ, ինչի՞ հասանք, ինչո՞ւ այսպես եղավ․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարտակերտի շրջանի հոգեւոր հովիվը՝ հավելելով․ «Ճիշտ է, զինադադար է, ժողովուրդը դեռ ապրում է Արցախում, բայց քանի գնում է, մտավախությունը մեծանում է։ Չեմ ուզում նորից չակերտները բացել։ Մենք պիտի ունենանք լավ առաջնորդ, որ երկիրը տանի դեպի փայլուն ապագա։ Այսօրվա իրավիճակով ես ապագա չեմ տեսնում»։

Հոգեւորականը խնդրեց չնշել իր անունը, ասաց՝ թիրախավորել են, իրեն են փնտրում։

«Ես խոսելու իրավունք չունեմ, նշանառության տակ եմ, շատ են ինձ փնտրում, անունս մի՛ գրեք։ Շատ բաներ մի՛ բացահայտեք, մի՛ ասեք, թե ինչ է կատարվում։ Այսօր մեծամասնությունը զոմբիացած է, չի հասկանում, թե ինչ է լինելու վաղը կամ մեկ ժամ հետո։ Նրանց համար կարծես նշանակություն չունի, կարծես թե սպասում էին այս իրավիճակին, որ հանգստանան։ Ո՞ւր են մեր քաջ տղաները, ո՞ւր են մեր հայորդիները․ հիմա նորից երգենք՝ վե՛ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա՞։ Մեր դարաշրջանը չունի՞ այդպիսի սպարապետներ, քաջ տղաներ, առաջնորդներ»,-ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ Մարտակերտում այս պահին իրավիճակը, ընդհանուր առմամբ, նորմալ է, մարդիկ աշխատում են, ծառայում, աշակերտները դպրոց են գնում, թշնամու կողմից Արցախի այս թեւում առաջխաղացում չկա։

Հիշեցնենք, որ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրեց կապիտուլյացիոն հայտարարություն՝ Ադրբեջանին տալով Արցախի 75 տոկոսը։ Այսօր վտանգված է արդեն Հայաստանի Հանրապետությունը․ ադրբեջանական զորքը մի քանի  օր է՝  ներխուժել է Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզեր՝ Հայաստանի սուվերեն տարածքներ։  


Լիանա Սարգսյան