Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դատարանը շարունակում է իր կամայական մեկնաբանություններով խոչընդոտել և վնասել դատական գործընթացին. այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը` հավելելով, որ վերաքննիչ քրեական դատարանի կողմից խախտումները դեռևս չեն վերացել:
Նա նշեց, որ հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի կողմից հրապարակված ակտով արձանագրվել է, որ կասեցման որոշումը վերացվում է, գործը պետք է սկսվի նույն դատարանում` ընդհատման պահից: «Ներկայումս առաջին ատյանի դատարանում պրոցեսը պետք է շարունակվի, սակայն վերաքննիչ դատարանն իր այդ որոշումից հետո գործի նյութերը չի վերադարձնում առաջին ատյանի դատարան, որ այդ պրոցեսը սկսվի: Պաշտպանական թիմին պարբերաբար մեղադրում են այն բանի մեջ, որ փորձ է կատարվում ձգձգել դատավարությունը, սակայն այս դեպքում մենք գործ ունեք հենց դատարանի կողմից ձգձգման հետ»,- մանրամասնեց Խուդոյանը` միաժամանակ նշելով, որ գործը դարձյալ սառած վիճակում է, և դա չունի որևէ իրավական հիմք:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներից Արամ Օրբելյանն անդրադարձավ դատական պրոցեսին: Նա ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմին հնարավորություն չտրվեց դիրքորոշում հայտնելու, ինչն աննախադեպ է:
Օրբելյանի հավաստիացմամբ` իրենք արխիվներն են նայել, փորձել նույնականացնել դատավոր Արմեն Դանիելյանի նախկին քննությունները և չեն գտել դեպք, երբ Դանիելյանը թույլ չտա կողմին` հանդես գալ դիրքորոշմամբ։
«Հաշվի առնելով այն, որ այս որոշումը հակասում է նախկինում եղած դատական պրակտիկային, մենք ևս մեկ անգամ տեսնում ենք, որ վերահաստատվում է ԵԽԽՎ բանաձևով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված` քաղաքական հետապնդման արգելքի դեպքը։ Այսինքն՝ ոչ արդար դատավարական գործընթաց է գնում, ինչը վերահաստատում է պարոն Քոչարյանի` քաղաքական բանտարկյալ լինելու` մեր մտավախությունը»,- հայտարարեց Օրբելյանը։
Նա նաև շեշտեց այն հանգամանքը, որ Հովհաննես Խուդոյանը վերաքննիչ դատարան գործը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդություն էր ներկայացրել, քանի որ կային սահմանադրականության հետ կապված հարցեր, այդ թվում՝ վերաքննիչ դատարանում այս փուլում գործի կարգավարության վերաբերյալ: Վերոհիշյալ հարցին ի պատասխան` վերաքննիչ դատարանը որոշման մեջ արձանագրել է, որ գործն իր վարույթում չի քննվում, իր կողմից քննվում են միայն բողոքները:
«Սակայն, երբ փորձում ենք կապ հաստատել վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի հետ` հասկանալու համար դատարանի որոշումից հետո ե՞րբ է գործը նշանակվելու քննության առաջին ատյանի դատարանում, աշխատակազմից սպասում են Վճռաբեկ դատարան գործը բերելու ժամկետի ավարտին, որից հետո գործը կուղարկվի առաջին ատյանի դատարան, այսինքն` ինչպես պարոն Խուդոյանը նշեց՝ ականատես ենք լինելու մի գործընթացի, երբ գործն անհարկի ձգձգվում է»,- պարզաբանեց Օրբելյանը:
Նա հավելեց նաև, որ այն պատգամավորները, դատախազները, քաղաքական գործիչները, որոնք իրենց մեղադրում էին գործը ձգձգելու մեջ, նշված խնդիրների վերաբերյալ իրենց գնահատականը պետք է տան:
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների համոզմամբ` դատարանը պետք է դարձյալ անդրադառնա նաև խափանման միջոցի հարցին:
Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանում դատախազության, տուժող կողմի ներկայացուցիչների ներկայացրած միջնորդության քննարկումից հետո նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը հնարավորություն չէր տվել Քոչարյանի պաշտպաններին անելու հայտարարություններ, միջնորդությունների վերաբերյալ հայտնելու դիրքորոշում ու հեռացել էր խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: