կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-16 22:03
Հասարակություն

Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տաթև քհն. Մարուքյանը տեղափոխվել է Արագածոտնի թեմ

Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.  Տաթև քհն. Մարուքյանը տեղափոխվել է Արագածոտնի թեմ
ՀԱԵ Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը տեղափոխվել է Արագածոտնի թեմի Ապարանի տարածաշրջան։ Նվիրյալ քահանան այսուհետ իր հոգևոր ծառայությունն է իրականացնելու Ծաղկահովիտի հովվության 7 համայնքներում։ Այդ առիթով Տեր Տաթև քահանա Մարուքյանը սոցցանցի իր էջում գրել է.
 
«Սիրելիներ, Աստծո կամոք 2009 թվականի փետրվարից Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ իմ քահանայական համեստ ծառայությունը մատուցեցի Վիրահայոց թեմում, ի մասնավորի՝ շուրջ տաս տարի Սամցխե Ջավախքի Ընդհանուր Առաջնորդության Ախալցխայի և Ախալքալաքի հովվություններում, և երեք տարի Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցում։ Իմ խորին գոհունակությունն եմ հայտնում վերոհիշյալ տարիների Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, Սամցխե Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգեն վարդապետ Սալբիյանին և Վիրահայոց թեմի ներկայիս առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին, իմ քահանա, աարկավագ, դպիր բոլոր ծառայակից եղբայրներին, թեմական կառույցների պաշտոնեության բոլոր անդամներին, իմ շատ սիրելի համայնքների քույրերին ու եղբայրներին՝ միասնաբար մեր քաղցր ու պատասխանատու ծառայությունը իրականացնելու, միմյանց զորակից ու աջակից լինելու համար։ Իմ շատ սիրելի Ջավախքցիներ, ախալքալաքցիներ ու թբիլիսցիներ, հուսով եմ ձեզ հուսախաբ չեմ արել իմ ծառայության մեջ։ Ամենամեծ ու նվիրական ցանկությունս այդ տարիներին եղել է, որ բոլորդ սիրեք ու երկրպագեք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, նվիրվեք ու ծառայեք մեր Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ազգին ու հայկական արժեքներին։ Մեծագույն երջանկություն եղավ, որ Ախալցխայում, Ախալքալաքի ու Նինոծմինդայի բազմաթիվ գյուղերում մասնակից եղանք մեր պապերի կառուցած սուրբ տաճարների վերաշինման ու օծման սքանչելի արարողություններին։ Փառք եմ տալիս Տիրոջն այս տարիների ծառայության համար։
 
Այժմ, ցանկանում եմ տեղեկացնել բոլորիդ, որ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ և Արագածոտնի թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի բարի ընդունելությամբ քահանայական ու հովվական ծառայությունս պետք է մատուցեմ թեմի Ապարանի տարածաշրջանում, ի մասնավորի՝ Ծաղկահովիտի հովվության յոթ համայնքներում։
 
Տերը զորավիգ լինի բոլորիս»։
 
 

Տ. Տաթև քահանա Մարուքյանը /ավազանի անունը՝ Արսեն/ ծնվել է 1983 թվականի հուլիսի 19-ին ՀՀ Գյումրի քաղաքում:

1990-2000 թթ. սովորել և ավարտել է Գյումրի քաղաքի Ավ. Իսահակյանի անվան թիվ 26 միջնակարգ դպրոցը:

2000-2003 թթ. սովորել և ավարտել է Գյումրիի հոգևոր ընծայարանը:

2003- 2006 թթ. ընդունվել և ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը:

2006թ.-ի փետրվարին՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ և նշանակվել ծառայության ՔԴԿ-ում:

2008 թ.-ի ապրիլին պաշտպանել է ավարտաճառ «Քրիստոնեական դաստիարակությունը ընտանիքում և հավատքի ձևավորումը երեխաների մոտ» թեմայով:

2008 թ.-ին՝ ձեռամբ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2009 թ.-ի հունվարից նշանակվել է հոգևոր ծառայության Վիրահայոց թեմում որպես Ախալցիխեի շրջանի հայկական գյուղերի, Ադիգենի և Աբասթումանի շրջանների հայության հոգևոր հովիվ:

2009 թ.-ի սեպտեմբերից նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ:

2018 թվականին ծառայության է նշանակվել Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: