կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-12 12:21
Քաղաքական

ATOM նախաձեռնությունը բավարար չէ երկրի՝ մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոն դառնալու համար․ ՀՀ նախագահ

ATOM նախաձեռնությունը  բավարար չէ երկրի՝ մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոն դառնալու համար․ ՀՀ նախագահ

ATOM նախաձեռնության իրականացմամբ մեր երկիրը ոչ թե պետք է դառնար, այլ պետք է դառնա արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոն, սակայն դրա համար միայն ATOM նախաձեռնությունը  բավարար չէ, անհրաժեշտ են նաև այլ  նախադրյալներ, այդ թվում՝ գրավիչ ներդրումային  միջավայր, տնտեսական դաշտում երկարաժամկետ և հստակ խաղի կանոններ, ժամանակակից կրթական ու գիտական համակարգ․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է Yerkir.am-ի հարցերին՝ կապված իր հայտարարած ծրագրերի չիրագործման, ԳՇ պետի ազատման հարցով ՍԴ չդիմելու, պատերազմի ժամանակ և հետո Արցախ չայցելելու և այլ խնդիրների հետ։

-Պրն նախագահ, Ձեր նախաձեռնած ATOM (Advanced tomorrow) ծրագրով մեր երկիրը պետք է դառնար արհեստական բանականության եւ մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոն։ Դուք այս մասին խոսեցիք խոշոր պետությունների եւ ընկերությունների հետ․ արդյո՞ք կան կոնկրետ պայմանավորվածություններ եւ արդյո՞ք մեր երկիրը կդառնա այդպիսին։ Խնդրում եմ անդրադառնալ նաեւ «Փոքր եւ հաջողակ երկրների ակումբ», «Արագ արձագանքման աշխատանքային խումբ», «Horasis-China» նախագծերի ընթացքին՝ ինչո՞ւ այդպես էլ կյանքի չկոչվեցին նշված նախագծերը։

-ATOM-ի գործընկերներից շատերն այսօր էլ շարունակում են հաստատել  իրենց հետաքրքրությունը՝ ծրագրի շուրջ համագործակցելու վերաբերյալ:

Փոխգործակցության մասին համաձայնագրեր են ստորագրված  կամ ստորագրման վերջնական են փուլում շուրջ երկու տասնյակ միջազգային հայտնի ընկերությունների հետ: Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ նման խոշոր ծրագրերը ենթադրում են հսկայական աշխատանք, առավել ևս, որ կորոնավիրուսով պայմանավորված, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ամբողջ աշխարհում ծրագրերի իրականացման գործընթացները բոլոր ոլորտներում զգալիորեն դանդաղել են կամ կանգ առել:

ATOM նախաձեռնության իրականացմամբ մեր երկիրը ոչ թե պետք է դառնար, այլ՝ պետք է դառնա արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոն: Սակայն դրա համար միայն ATOM նախաձեռնությունը  բավարար չէ: Ընդհանրապես, նման կենտրոն դառնալու համար անհրաժեշտ են նաև այլ  նախադրյալներ, այդ թվում՝ գրավիչ ներդրումային  միջավայր, տնտեսական դաշտում երկարաժամկետ և հստակ խաղի կանոններ, ժամանակակից կրթական ու գիտական համակարգ:

-Ձեր հիմնած «Երեւան, իմ սեր» հիմնադրամի շուրջ աղմուկ բարձրացավ հենց սկզբից․ 2013 թվականին կառավարության որոշմամբ Կոնդում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից 1005  քառակուսի մետր տարածք՝ 401 միլիոն դրամ արժեքով, նվիրաբերվեց «Երևան իմ սեր» հիմնադրամին, որպեսզի բարեգործական ծրագիր իրականացնի։ Արդեն 10 տարի է այնտեղ դեռ թիթեղներ են։ Ի՞նչը խանգարեց այս շինարարությանը։ Հիմնադրամը դեռ 2011-ին էր նախատեսում այդ հատվածում 2800 քառակուսի մետրի վրա հին Երեւանի ճարտարապետությանը բնորոշ ոճով վերստեղծել ցածրահարկ շենքեր: Դրանցից մեկում պետք է անվճար գործեր կենտրոն՝ կարիքավոր ընտանիքների լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, մյուսը պետք է հանձնվեր միայնակ մայրերի եւ երեխաների կարիքներին, երրորդը եկեղեցուն օժանդակ շինություն պետք է լիներ եւ անվճար տրամադրվեր հոգեւոր սպասավորներին: Դեռ ուժի մե՞ջ են այս ցանկությունները։

-Հանրապետության նախագահի աշխատակազմը չի զբաղվում «Երևան, իմ սեր» հիմնադրամի հարցերով: Ձեր հարցի հասցեատերը «Երևան, իմ սեր» հիմնադրամն է:

-Դուք վերջին տարիներին Ձեր հովանու տակ եք առել Ապագայի էներգիայի ընկերության՝ Mazdar-ի, ՀՀ-ում կյանքի կոչման աշխատանքները։ Սա գիտենք, որ դեռ 2010 թ-ից ձգվում էր՝ առանց առաջընթացի։ 2019-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որով պետք է միջազգային մրցույթի արդյունքներն ամփոփվեին և հաղթողը հայտարարվեր ոչ ուշ, քան 2020 թվականի հոկտեմբերի 15-ը` առաջին փուլի և 2021 թվականի հոկտեմբերի 15-ը` երկրորդ փուլի համար։ Ինչո՞ւ սա էլ չիրագործվեց։

-Ինչ վերաբերում է արևային էներգետիկայի ոլորտում «Մազդար» ընկերության հետ իրականացվող նախագծին,  2019թ. նոյեմբերին Աբու Դաբիում նախագահ Սարգսյանի մասնակցությամբ  ԱՄԷ «Մազդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) միջև  ստորագրվել է համաձայնագիր:  Ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն այնուհետև փոխանցվել են կառավարությանը, քանի որ հետագա աշխատանքներն ու թույլտվություններ տալու գործընթացը կառավարության իրավասության ոլորտում են:

-2020 թ-ին Դուք խոսեցիք մեկ այլ ծրագիր սկսելու մասին․ «Հայ պարկ» նախագիծը, որը պետք է համերաշխության և հիշողության համազգային այգի լիներ Ծիծեռնակաբերդում՝ Եղեռնի հուշահամալիրից մինչև «Հրազդան» մարզադաշտն ընկած 103 հեկտարում։ Ինչո՞ւ այս նախագիծն էլ չիրագործվեց։

-«Հայ պարկ» նախաձեռնության իրագործման համար ևս անհրաժեշտ է, որ նախ կառավարությունը հավանություն տա ներկայացված նախագծին և տրամադրի անհրաժեշտ հողատարածքը:

-Դուք մամուլից իմացաք Արցախը հանձնելու հայրենադավ փաստաթղթի մասին, ապա նախ՝ պահանջեցիք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հետո արդեն, երբ պետք էր ԳՇ պետին ազատելու հրամանը ուղարկել ՍԴ, որպեսզի հրաժարականը կյանքի կոչվեր, չարեցիք այն դեպքում, որ Դուք էիք ասել՝ սահմանադրականության խնդիր կա։ Ի՞նչն էր խնդիրը։

-ԳՇ պետի հետ կապված հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ Հանրապետության նախագահը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԳՇ պետին ազատելու հիմք հանդիսացած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ին ընդունված օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

-Դուք  Արցախ չայցելեցիք ո՛չ պատերազմի 44 օրերին, ո՛չ էլ դրանից հետո, Սյունիք այցելեցիք միայն ՄԻՊ Արման Թաթոյանի հետ։ Ո՞րն էր պատճառը։

-Նախագահը բազմիցս այցելել է Արցախ, հետագա այցերի մասին կտրվի համապատասխան տեղեկություն: Իսկ Հանրապետության նախագահի՝  Սյունիք այցին ՄԻՊ Արման Թաթոյանը մասնակցել է Նախագահի առաջարկով, ինչը  Հանրապետության նախագահին հնարավորություն է տվել  ավելի լավ տեղեկանալ  մարզի  բնակչության իրավունքների պաշտպանության և անվտանգային խնդիրներին, նկատի ունենալով, որ մինչ այդ ՄԻՊ-ն արդեն իսկ եղել էր և աշխատում էր  մարզում: Նախագահի այցի վերաբերյալ եղել է պաշտոնական մանրամասն տեղեկատվություն:

-Ձեզ հետ աշխատող երիտասարդ, խոստումնալից կադրերը հերթով դուրս են գալիս․ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ։

-Խնդրում ենք հստակեցնել, թե  կոնկրետ ո՞ր երիտասարդ խոստումնալից կադրերի և որտեղի՞ց հեռանալու մասին է  խոսքը:

Աննա Բալյան