Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կոշտ կենցաղային թափոնների քարտեզագրում» (Mapping Municipal Solid Waste ASI029) ծրագրի շրջանակում ստեղծվել է GIS-ի վրա հիմնված ու վեբ-ցանցային հավելվածով կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգչային գործիք։
ՏԿԵ նախարարությունից Yerkir.am-ին հայտնում են, որ այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բնակավայրի համար մուտքագրելով տվյալները՝ հաշվարկել և առաջարկել աղբահանության գործընթացների օպտիմալ մոդել՝ աղբահանության արդյունավետ երթուղիներով, աղբի հավաքման, կուտակման, տեղափոխման, տեսակավորման և հեռացման համար։ Համակարգը թույլ է տալիս տվյալ համայնքի համար ծախսարդյունավետության տեսանկյունից աղբահանության ամենաարդյունավետ մոդելը ընտրել։
Ծրագրի իրականացման համար ընտրվել է հանրապետությունում քարտեզագրման և GIS համակարգերի կիրառման բավականին մեծ փորձ ունեցող «Գոեռիսկ» ՍՊԸ-ն և համապատսխան փորձագետներ։
Այսօր նախարարությունում ընկերության մասնագետները ներկայացրել են ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքները և առաջարկվող մոդելները։
ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կարևոր խնդիրներից է համարել հանրապետությունում աղբահանության պատշաճ կազմակերպումը և այս համատեքստում ընդգծել է այդ աշխատանքների բարելավմանը միտված նման գործիքների կիրառումը։ Նրա խոսքով՝ մասնավորապես, այս մշակված համակարգի ներդրումը համայնքներում ակնհայտորեն կբարելավի և կնպաստի արդեն իսկ իրականացվող աղբահանության աշխատանքների ավելի ծախսարդյունավետ կազմակերպմանը։ Վ․ Տերտերյանը նշել է, որ ծրագիրը պետք է շարունակական լինի և փորձնական կիրառման ճանապարհով ընդարձակվի այլ համայնքներում ևս։
Որպես փորձնական համայնքներ ընտրվել են Արարատի մարզի Գոռավան, Լոռու մարզի Ստեփանավան գյուղական և քաղաքային համայնքները և Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքը։ «Գոեռիսկ» ընկերության մասնագետների խոսքով՝ դաշտային աշխատանքների շրջանակներում հավաքագրվել են բոլոր անհրաժեշտ տվյալները,կատարվել են նշված համայնքներում աղբի բաղադրության ուսումնասիրություններ, ստեղծվել է շտեմարան ընտրված պիլոտային բնակավայրերի համար և կազմվել են աղբահանության մոդելներ։ Մշակվել է նաև գործիքի կիրառման ուղեցույցը և կազմակերպվել են դասընթացներ պիլոտային համայնքներում։
Քննարկման ընթացքում առաջարկվել է մշակված գործիքն առաջիկայում փորձնական կիրառել ևս 6-7 համայնքում, իսկ ամբողջական ներդնել Ստեփանավան քաղաքում։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրակմամբ և համակարգմամբ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեշնլ» (Management Systems International (MSI)) ընկերության տեխնիկական աջակցությամբ։