կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-21 20:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ կթռչի տիեզերք Արմեն Սարգսյանի հետ․ ATOM-ից հեռացած Արշակ Կարապետյանը՝ ՀՀ նախագահի չիրագործած նախագծերի մասին

ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության հետ կապված Հայաստանից դուրս է կատարվել հիմնական աշխատանքը խոշոր կորպորատիվ գործընկերների հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Երևան, իմ սեր» հիմնադրամի և ATOM նախագծի նախկին տնօրեն Արշակ Կարապետյանը։

Նա, ըստ էության, հենց ATOM նախագծի տնօրենի պաշտոնից հրաժարական ներկայացրեց և դադարեցրեց իր ավելի քան 10 տարվա աշխատանքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ պատերազմի ավարտից հետո։ «Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրենի պաշտոնից Կարապետյանը հրաժարվել է դեռ 2020թ-ի հոկտեմբերին՝ ստանալով առաջարկ ղեկավարել Advanced tomorrow-ն։

Արդյո՞ք այդքան անհույս էր մեր երկիրը արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոն դարձնելու՝ ATOM նախաձեռնությունը, որ Արշակ Կարապետյանը ձեռքը թափ տվեց և դուրս եկավ՝ հարցին նա դելիկատ պատասխանեց, որ իր հեռանալու նպատակը սեփական նախագծերով զբաղվելն է։

Հարցին՝ սպասե՞նք, որ Հայաստանը կդառնա արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոն, Արշակ կարապետյանը պատասխանեց․ «Ինձնից՝ չէ՛, որովհետև ես այլևս չեմ զբաղվում այդ հարցերով»։

Աշնանը տեղի ունեցած պատերազմը, իրականում, շատ խաղաքարտեր է խառնել՝ հավելեց նա։

«Շատ ավելի փոքր նախագծեր են այսօր սպասողական վիճակում, որովհետև մենք պետք է այդ ամեն ինչին նայենք մի քիչ ավելի օբյեկտիվորեն, ոչ թե այն տեսակետից, ինչը մեզ դուր կգար, որ տեղի ունենար Հայաստանում, այլ հետպատերազմական, քաղաքական ցնցումներում գտնվող երկրում քանի՞ միջազգային խոշոր բիզնես և մեծ կորպորացիա կա, որ այս պահին կցանկանար ներդրում կատարել»,-ասաց նա։

Պատերազմն, ըստ էության, թույլ արդարացում է գործը ձախողելու համար, քանի որ մինչև այդ առնվազն 2,5 տարի կար հաջողության հասնելու համար։ Բայց ՀՀ նախագահի ոչ միայն ATOM-ը, այլև «Փոքր և հաջողակ երկրների ակումբ» նախաձեռնությունը, կորոնավիրուսի հետևանքների վերացման՝ «Արագ արձագանքման աշխատանքային խումբը», «Horasis-China»-ն և այլ ծրագրեր այդպես էլ առաջարկից այն կողմ չանցան՝ սայլը տեղից չշարժվեց։

«Ցանկացած ներդրում առաջին հերթին ենթադրում է պոտենցիալ ներդրողի բիզնես-շահը։ Եթե մենք չունեցանք կայուն տնտեսություն, կայուն քաղաքական համակարգ, որը հնարավորություն կտա այդ պայմանավորվածություններն իրագործել, այստեղ նախագահի անձը չլինի՝ ցանկացած ոք լինի, խոշոր կորպորատիվ պոտենցիալ ներդրողին երբեք չի կարողանա ո՛չ հրապուրել, ո՛չ համոզել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրում անի»,-ՀՀ նախագահի նախաձեռնությունների տապալումը բացատրեց Արշակ Կարապետյանը։

Այս դեպքում, արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի շանսերը գնահատել, նոր հայտարարել այս կամ այն ծրագրի մասին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի «Երևան, իմ սեր» հիմնադրամը Արշակ Կարապետյանը գլխավորում է ավելի քան 10 տարի՝ սկսած 2010 թվականից։ Այս հիմնադրամի գործունեության շուրջ աղմուկ բարձրացավ հենց սկզբից․ 2013 թվականին կառավարության որոշմամբ Կոնդում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից 1005  քառակուսի մետր տարածք՝ 401 միլիոն դրամ արժեքով, նվիրաբերվեց «Երևան, իմ սեր» հիմնադրամին, որպեսզի բարեգործական ծրագիր իրականացնի։ Արդեն 10 տարի է այնտեղ դեռ թիթեղներ են։ Ի՞նչը խանգարեց այս շինարարությանը՝ Կարապետյանը բացատրում է բնակիչների կարիքներով։

«Խնդիրը հիմնականում այն էր, որ իրացման գոտում բազմաթիվ մարդիկ զրկվել էին իրենց տներից, իրենց համար նոր բնակարանները երկար ժամանակ չէին կառուցվում, ինչքան ես տեղյակ եմ՝ մինչև հիմա էլ ավարտված չէ այդ շինարարությունը, և մարդիկ, հասկանալով, որ հիմնադրամը դրա հետ որևէ կապ չունի, էմոցիոնալ ֆոնն այնպիսին էր, որ բողոքում էին ցանկացած այդտեղ իրականացվող շինարարական գործունեության դեմ, եթե դա իրենց բնակարանների շինարարությունը չէ»,-պարզաբանեց Արշակ Կարապետյանը։

Սա, իհարկե, բնական է․ չի կարելի բռնությամբ բարեգործություն անել։ «Երևան, իմ սեր» հիմնադրամը դեռ 2011-ին էր նախատեսում այդ հատվածում 2800 քառակուսի մետրի վրա հին Երեւանի ճարտարապետությանը բնորոշ ոճով վերստեղծել ցածրահարկ շենքեր: Դրանցից մեկում պետք է անվճար գործեր կենտրոն՝ կարիքավոր ընտանիքների լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, մյուսը պետք է հանձնվեր միայնակ մայրերի եւ երեխաների կարիքներին, երրորդը եկեղեցուն օժանդակ շինություն պետք է լիներ եւ անվճար տրամադրվեր հոգևոր սպասավորներին: 10 տարուց ավելի է՝ միայն բարի մտադրություններ են։

Նախագահը վեջին տարիներին իր հովանու տակ էր առել Ապագայի էներգիայի ընկերության՝ Mazdar-ի ՀՀ-ում կյանքի կոչման աշխատանքները։ Այս ծրագիրը դեռ 2010 թ-ից ձգվում էր՝ առանց առաջընթացի։ 2019-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որով պետք է միջազգային մրցույթի արդյունքներն ամփոփվեին և հաղթողը հայտարարվեր ոչ ուշ, քան 2020 թվականի հոկտեմբերի 15-ը` առաջին փուլի և 2021 թվականի հոկտեմբերի 15-ը` երկրորդ փուլի համար։ Սա էլ է կանգնած։

2020 թ-ին ՀՀ նախագահը խոսեց մեկ այլ ծրագիր սկսելու մասին․ «Հայ պարկ» նախագիծը, որը պետք է համերաշխության և հիշողության համազգային այգի լիներ Ծիծեռնակաբերդում՝ Եղեռնի հուշահամալիրից մինչև «Հրազդան» մարզադաշտն ընկած 103 հեկտարում։ Մի քանի օրից երբ լինենք Ծիծեռնակաբերդում, այդ այգին, իհարկե, չենք տեսնի։

Արմեն Սարգսյանը մամուլից է իմանում Արցախը հանձնելու հայրենադավ փաստաթղթի մասին, նախ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հետո արդեն, երբ պետք է ԳՇ պետին ազատելու հրամանը ուղարկեր ՍԴ, որպեսզի հրաժարականը կյանքի կոչվեր, չի ուղարկում․ այն դեպքում, որ ինքն էր ասել՝ սահմանադրականության խնդիր կա։

Ի՞նչ է կատարվում մեր նախագահի հետ․ միգուցե հենց ինքն էլ բրիտանաթուրքական գործարքի մասնակից է․ այս հարցին Արշակ Կարապետյանը պատասխանում է, որ ինքը վստահ է՝ ՀՀ նախագահը չի կարող բրիտանաթուրքական գործարքի մաս լինել։

«Եթե ՀՀ նախագահն ասել է, որ այդ Հայտարարության վերաբերյալ տեղեկացել է մամուլից, որևէ պատճառ չկա կասկածելու»,-ասաց նա։

Ի պաշտոնե ՀՀ Սահմանադրության պահպանմանը կոչված անձը չպե՞տք է որևէ քայլ աներ մամուլից տեղեկանալուց հետո՝ հարցին, Արշակ Կարապետյանը պատասխանեց, որ նախագահը բազմաթիվ քայլեր է արել, բացի այդ, այս հարցերի իրական հասցեատերը ՀՀ նախագահի աշխատակազմն է, ոչ թե ինքը։

ՀՀ նախագահը Արցախ չայցելեց ո՛չ պատերազմի 44 օրերին, ո՛չ էլ դրանից հետո, Սյունիք այցելեց միայն վերջերս՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

ՀՀ նախագահի հետ աշխատող երիտասարդ, խոստումնալից կադրերը հերթով դուրս են գալիս։ Դուրս եկավ նաև Արշակ Կարապետյանը։ Ասում է՝ իր դուրս գալու պատճառը հիասթափությունը չէ։

«Իմ դուրս գալու պատճառը այն  գիտակցությունն է, որ այն ներուժը և համակիրները, որ այսօր առկա են և իրենց հետ ունենք աշխատանքային փորձ և որոշակի անցած ուղի, մենք կարող ենք օգտագործել նաև սեփական նախագծեր իրականացնելու համար։ Այդ առումով այստեղ ինտրիգ չկա, ՀՀ նախագահի հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք»,-ասաց նա։

Հիմա Արշակ Կարապետյանը սկսում է նախագիծ, որը վերաբերում է պատերազմի հետևանքով վնասվածքներ, հոգեբանական խնդիրներ, հաշմանդամություն ունեցող մեր տղաների համար որոշակի նախագծեր իրականացնելուն, որտեղ նրանք կկարողանան իրենց սեփական ներուժն օգտագործել, սեփական նախաձեռնություններն սկսել՝ այդ թվում բիզնես նախագծեր, աշխատանք գտնելու ուղղությամբ։ Արշակ Կարապեյանը նշեց, որ սեփական նախագծերը, եթե նույնիսկ ոչ որպես եկամտի աղբյուր ծառայեն, ապա գոնե որպես հոբբի կլինեն նրանց  համար նոր բան մտածելու, որովհետև դա իրենց շատ ավելի արագ կվերադարձնի հասարակություն, կվերաինտեգրի հասարկության մեջ, քան պարզապես ֆինանսապես օգնելը։

Նախագահ Արմեն Սարգսյանը նաև խոստում-երազանք ուներ՝ թռչել տիեզերք․ Արշակ Կարապետյանն ասաց՝ տիեզերքն, իհարկե, շատ գեղեցիկ է, բայց տիեզերք թռչելու մասին ինքը երբևէ չի մտածել։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․