Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը
Պարոն Գանդահարյան, ինչպես եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որտեղ նորից կոչ են արել վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը: Նորից համանախագահները հավասարության նշա՞ն են դնում։
Համանախագահների հայտարարությունը, կարծում եմ թեկուզ առանց նշումի, այնուամենայնիվ, ըստ էության, հասցեականություն ներառում է իր մեջ։ Պարզ է, թե որ կողմն է, որ շարունակում է պատանդի կարգավիճակում պահել ռազմագերիներին․նույնքան պարզ է թե ո՛ր կողմն է, որ դժվարացնում է Լեռնային Ղարաբաղ ազատ ելումուտն ու տեղաշարժը։ Եվ երբ համանախագահները այս հարցերի լուծումն են պահանջում, նույնքան պարզ է դառնում, թե ումից են պահանջում։ Կա իհարկե վիճահարույց ձևակերպում․ համանախագահներն օգտագործում են կալանավորված, բանտարկված եզրերը․բացակայում է ռազմագերի եզրույթը, որը միջազգային իրավաչափություն ներառող կետ է և ռազմագերի պահող կողմից թե վերաբերումի, և թե հանձնումի առումով պարտավորություններ է ենթադրում, ըստ միջազգային ռազմական օրենքի:
Վերջին շրջանում ռազմագերիների հետ կապված միջազգային արձագանքը, մասնավորապես ԵԽ պատգամավոևրների, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի կոչերը ռազմագերիների ազատ արձակման հետ կապված կարո՞ղ են արդյոք արագացնել գերիների վերադարձի գործընթացը։
Ռազմագերիների խնդիրը կարծում եմ գերքաղաքականացվում է։ Ադրբեջանը պատանդի վիճակը շահագործում է․ Մոսկվան «բոլորը բոլորի դիմաց» բանաձևը լիարժեք չի աշխատեցնում և փուլային տարբերակով փորձում է իրականացնել։ Նկատվում է որոշակի պարանաձգություն մի կողմից ԱՄՆ-ի և ԵԽ-ի, մյուս կողմից Մոսկվայի ռազմագերիների հանգուցալուծման հիմնական դերի փաստումի առումով։ Մոսկվայի հայտարարությունը իր մեջ ներառում էր որոշակի բացարձակություն, երբ ասվում էր, որ ռազմագերիների հարցը առաջիկայում կլուծվի։ Սա միաժամանակ նաև ջրում է Բաքվի հայտարարությունը, որ ադրբեջանական կողմի մոտ ռազմագերիներ չկան։ Այս խնդրով նաև պետք է նկատի ունենալ այն, որ հրադադարի հայտարարությունում ռազմագերիների վերադարձի կետը նախորդում է ապաշրջափակման կետին։ Կետերի հաջորդականությունը ունի իմաստ իրականացման փուլերի առումով։ ՌԴ ԱԳ նախարարը Երևանում շեշտը դնում էր տարածաշրջանի ապաշրջափակման օրակարգի վրա։ Կարծում եմ մինչև չլուծվի հայտարարության 8-րդ կետը, որևե կերպ չպետք է անցում կատարել այլ կետի:
Առհասարակ որքանով է հնարավոր ԵԱՀԿ Մինսկի ֆորմատի վերականգնումը։ ՀՀ ԱԳ նախարարն էլ երեկ հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացման նշաններ է ցույց տալիս։
«Վերակենդանացում» ասելաձևը ճիշտ է օգտագործված։ Փաստորեն 44-օրյա պատերազմի ընթացքում այդ ձևաչափը մահաքունի մեջ էր գտնվում։ Արհեստական ինքնամահաքուն էր, որովհետև Վաշինգտոնը հանգիստ դիտարկում էր իրանյան սահմանների փոփոխության գործողությունները, ինչու չէ, նաև Հարավային Կովկասի ռուսական տիրույթի բաժնակցումը Անկարայի կողմից։ Հիմա որ նոր ստատուս քվո է ստեղծվել, Վաշինգտոնը որոշել է վերականգնել ձևաչափը և այդ առումով առաջ է մղում նաև Փարիզին։ Ձևաչափի վերակենդանացումը արցախյան հակամարտության լուծման առաջադրանքից առաջ աշխարհաքաղաքական նշանակություն ունի և տարածշրջանային տարողություն։
Պարոն Գանդահարյան, արդյոք Արցախի կարգավիճակի հարցը չպետք է լինի առաջնահերթություն, և ինչու կա հապաղում այս առումով։
Արցախի հակամարտության կարգավորման շրջանակներում հայկական կողմը ռազմավարական նոր հայեցակարգի մշակման խնդիր ունի։Կարծում եմ՝ պահը հարմար է արծարծելու Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտությունը։ Հայաստանի Հանրապետությունը կորցրել է Արցախի անվտանգության երաշխավոր լինելու իր իրավակարգը, որով մասնակցում էր բանակցություններին։ Եվ քանի որ ԵԱՀԿ-ի ձևաչափի վերակենդանացման մասին ենք խոսում, ուրեմն պետք է վերադառնալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին։ Տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, իրավահավասարության սկզբունքներից բացի մնացել է ազգերի ինքնորոշման իրավունքը, որի հիման վրա էլ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Բանակցային դիրքերի վերաամրապնդման օրակարգ ունենք այսօր, նպատակ ունենալով՝ Արցախի տարածքային ամբողջականության վերականգում՝ Շուշիի, Հադրութի և ԼՂԻՄ-ի տարածքների դեօկուպացիայի առումով, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանազատման-սահմանագծման (հյուսիսային Արցախի վերակցման առաջադրանքով) ռազմավարական կետեր ներառող բանակցային հայեցակարգ։