կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-16 14:12
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև Փաշինյանի հրաժարականը, ցավոք, ոչ մի բան հնարավոր չէ անել․ Բաբայանը՝ ռազմագերիների վերադարձի մասին

Այն, որ Ադրբեջանում 150 նոր ռազմագերիներ կան, նշանակում է, որ չունենք պետություն, պետությունն իր տեղում չէ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը կառավարության առջև Փաշինյանի խրտվիլակը տեղադրելու ակցիայի ժամանակ։

Նա նկատեց, որ, բացի գերիները, մենք ամեն օր կորցնում ենք նոր տարածքներ։

«Սա նշանակում է մի պարզ բան, որ այս ծրագիրը Նիկոլ Փաշինյանը որոշել է հասցնել ավարտին, դրա համար էլ չի տալիս հրաժարական։ Բայց իր տալ-չտալուն որևէ մեկը չի նայելու։ Առնվազն Նիկոլ Փաշինյանը պետք է ենթարկվի լուրջ քրեական պատասխանատվության»,-ասաց Բաբայանը։

Նա վստահեցրեց, որ գերիների վերադարձի առումով, մինչև հրաժարականը, ցավոք, ոչ մի բան հնարավոր չէ անել։

«Որպեսզի որևէ բան արվի, մենք պետք է ունենանք իշխանություն, պետք է ունենանք մարդիկ կառավարման համակարգում, որպեսզի կարողանանք որևէ բան փոխել, որևէ բան բանակցել։ Այս իշխանությունը ստորացված վիճակում է ադրբեջանցիների կողմից, հետևաբար, ստորացված իշխանությունը չի կարող անել ոչինչ և չի էլ անում որևէ բան»,-ասաց նա։

Արսեն Բաբայանը նշեց, որ բնականոն ոչինչ կառավարությունում տեղի չի ունենում, Նիկոլը պետք է անմիջապես հեռանա, որպեսզի այդ հարցերը լուծեն։

«Նիկոլն է այսօր զբաղեցնում վարչապետի պաշտոնը և ինքն է այսօր ամենաապիկարը, ամենաանկարողը և դավաճանը։ Նա չի հեռանում այդ պաշտոնից՝ թքած ունենալով թե՛ մեր գերիների վրա, թե՛ մեր տարածքների վրա և իր դավաճանական ծրագրերը փորձում է հասցնել ավարտին»,-ասաց նա։

Բաբայանը համոզված է, որ Փաշինյանը պետք է րոպե առաջ հեռանա, որպեսզի ձևավորվի այնպիսի կառավարություն, որը կկարողանա կանխել այս աղետալի իրավիճակը։

Մանրամասն՝ տեսանյութում․