կարևոր
3844 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-15 13:23
Քաղաքական

Ժնևում և Բեռնում քննարկվել են ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի իրավունքի, հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման և այլ հարցեր

Ժնևում և Բեռնում քննարկվել են ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի իրավունքի, հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման և այլ հարցեր

Հուլիսի 8-10- ը Արցախի Ազգային Ժողովի որոշմամբ ստեղծված Արցախահայերի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամներից բաղկացած խումբը «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության հրավերով այցելեց Ժնև և Բեռն։

Վարդան Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին միջազգային իրավագետ Գառնիկ Քերքոնյանը և ԱՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Արմինե Ալեքսանյանը, մի շարք հանդիպումներ են ունեցել ՄԱԿ տարբեր գործակալությունների ներկայացուցիչների, Ժնևում և Բեռնում գործող իրավապաշտպան կազմակերպությունների և հետազոտական կենտրոնների, ինչպես նաև ՄԱԿ անդամ երկրների ներկայացուցչությունների հետ։

Հանձնախմբի անդամները Ժնևում և Բեռնում հանդիպել են նաև համայնքային և դաշնային խորհրդարանականների հետ։

Քննարկումների առանցքում էին Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հավաքական վերադարձի իրավունքի, Բաքվում ձերբակալված հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, Լեռնային Ղարաբաղում հայկական պատմա-մշակութային ժառանգությունը ադրբեջանական պղծումից եւ ոչնչացումից պաշտպանելու հարցերը:

Հուլիսի 8-ին Վարդան Օսկանյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու Իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանի ռասիզմի ժամանակակից ձևերի վերաբերյալ հատուկ զեկուցող Աշվինի Ք.Պ ինտերակտիվ երկխոսության շրջանակներում, կոչ անելով հետաքննել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների փաստը։

Երեքշաբթի, հուլիսի 9-ին, «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախաձեռնությամբ՝ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանի շրջանակներում, պատվիրակության անդամների մասնակցությամբ կայացել է «Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման բանալիները» վերտառությամբ զուգահեռ միջոցառում։ Միջոցառմանը կարեւորվել է բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի ապահովումը՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հաստատման էական մաս:

Այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամները հանդիպել են նաև Շվեյցարիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբ