կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-29 17:23
Տարածաշրջան

Անկարան պաշտպանում է Կիպրոսում երկու պետությունների գաղափարը․ Չավուշօղլու

Անկարան պաշտպանում է Կիպրոսում երկու պետությունների գաղափարը․ Չավուշօղլու

Թուրքիան կշարունակի վճռականորեն սատարել Կիպրոսում երկու ինքնիշխան ու հավասար պետություններ ստեղծելու նախաձեռնությանը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Ժնևում Կիպրոսին նվիրված եռօրյա ոչ պաշտոնական խորհրդաժողովից հետո. հայտնում է Anadolu-ն:

Թուրքական դիվանագիտության ղեկավարը համատեղ մամուլի ասուլիս է կազմակերպել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարի հետ:

Չավուշօղլուի խոսքով՝ «Կիպրոսի հունական համայնքի» (չակերտները Yerkir.am–ի, քանզի Կիպրոսն ամբողջապես հունական է, և միայն Թուրքիան է ճանաչում կղզու հյուսիսային մասում ստեղծված ապօրինի պետական կազմավորումը՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը) ղեկավարները Ժնևում կրկնել են ծեծված բանաձևը:

«Կիպրոսի հունական համայնքը ոչ մի նոր առաջարկ չի հրապարակել: Ժնևում բանաձևերը միայն կրկնվել են, որոնք բազմիցս քննարկվել և արդյունք չեն տվել: Մենք չենք գնա զիջումների Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության անկախության, ինքնիշխանության և հավասարության հարցում»,- շեշտել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ Թուրքիան 1974 թ. բռնազավթել էր Կիպրոսի 38 տոկոսը (Կիպրոսի Հանրապետություն՝ 60 %, բրիտանական ռազմաբազաներ՝ 2 %), իսկ 1983 թ. այն ինքնահռչակվել էր որպես անկախ պետություն, սակայն, բացի Թուրքիայից, չի ճանաչվել ոչ մի այլ պետության կողմից: