կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-23 17:32
Քաղաքական

Դաշնակցությունը չի մտքափոխվել և պաշտպանում է սահմանադրական բարեփոխումների գաղափարը. Հրանտ Մարգարյան

Դաշնակցությունը չի մտքափոխվել և պաշտպանում է սահմանադրական բարեփոխումների գաղափարը. Հրանտ Մարգարյան

Դաշնակցությունը չի մտքափոխվել և պաշտպանում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների անցկացման գաղափարը. այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

«Նոր Սահմանադրության առաջինից 7-րդ գլուխների նախագծի հրապարակումից հետո ընդդիմադիր այս կուսակցության ներկայացուցիչները ձեռնպահ էին մնում գնահատել այն, առավել ևս՝ միանշանակորեն հավանության արժանացնել:

«Դեռ մեզ մոտ քննարկման մեջ է դա, առանձին հատվածների, պարագրաֆների, ձևակերպումների վերաբերյալ մենք խնդիրներ ունենք, բայց հիմնականում, սկզբունքային առումով, այո, գտնում ենք, որ մեր տեսակետը հաղթել է»,- ասաց Մարգարյանը:

Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնումից հետո ընդդիմադիր Դաշնակցությունն ամենաակտիվ առաջարկներ ներկայացնող ուժերից էր։ Հրանտ Մարգարյանի խոսքով, հայեցակարգից նախագիծ դառնալու ընթացքում իրենց սկզբունքային առաջարկներն ընդունվել են։

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ կուսակցության ներկայացրած առաջարկություններում գրել էին՝ «պետք է բացառել Ազգային ժողովում արհեստական մեծամասնության ձևավորումը, օրինակ՝ ընտրական համակարգով բոնուսներ նախատեսելու տարբերակը»։ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած նախագծում խոսվում է ԱԺ-ում կայուն մեծամասնության անհրաժեշտության մասին, ընդ որում, առաջին փուլում չձևավորվելու դեպքում երկրորդ փուլ է նախատեսվում: Այս ձևակերպումն արդյոք չի՞ հակասում Դաշնակցության առաջարկին։

Ըստ Մարգարյանի, չի հակասում․ «Կայունը չի նշանակում արհեստական մեծամասնություն։ Ավելին, կարծում եմ՝ այս ձևակերպումը կբացառի որևէ ուժի միահեծան ղեկավարման հավակնությունը։ Կայունը նշանակում է, որ ըստ էության, սկզբունքը նույնն է պահվում, այսինքն՝ կոալիցիաների կազմության հնարավորություն է ստեղծվում: Եթե երկրորդ փուլն անպատեհություն ունի, իրականության մեջ դա անպատեհություն է այն ուժի համար, որը համեմատական մեծամասնություն է բերել, այսինքն՝ 45 տոկոս է բերել, 40 տոկոս է բերել, որովհետև դա կարող է պատճառ դառնալ, որ մյուս բոլորը կարողանան համախմբվել ու մեկ ցուցակով գնալ և սև ու ճերմակի ընտրության վերածվի: Եվ շատ հավանական է, որ հաղթանակը գնա այսպես ասած ընդդիմությանը»:

«Այսինքն՝ ուզում եմ ասել, որ երբեք կայունը մտահոգիչ չէ, կայունը երկրի համար նույնիսկ անհրաժեշտություն է, կարևոր է, որ այդ կայունությունը լինի», - ասաց Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը»,- կարդում ենք ռադիոկայանի կայքում: