Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան ակտիվորեն շփվում է Ռուսաստանի հետ բազմաթիվ արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում և Ղարաբաղում իրավիճակի։ Կան դիրքորոշումների տարբերություններ, սակայն կողմերը հավատարիմ են մնում կառուցողական երկխոսությանը՝ ազգային շահերից բխող զգայուն հարցերի փոխադարձ դիտարկմամբ։ Դա, մասնավորապես, վերաբերում է Ուկրաինային։ Այս մասին հինգշաբթի Անկարայում խորհրդարանական պլանավորման եւ բյուջետային հանձնաժողովի նիստում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Նա ընդգծել է, որ Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը և շարունակելու է վերահսկել Ղրիմի թաթարների անվտանգության և բարեկեցության հարցը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Չավուշօղլուն նշել է, որ տարածաշրջանում փոփոխությունների ու վերափոխումների հույս կա, և պատերազմի ավարտով «տարածաշրջանը երկարաժամկետ խաղաղության պատմական հնարավորություն է ստացել»։ Ըստ նրա՝ Անկարան պատրաստ է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Մենք հուսով ենք, որ Հայաստանը կօգտագործի այս հնարավորությունը՝ տարածաշրջանում խաղաղության և զարգացման համար»,- ասել է թուրք նախարարը։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ Անկարայի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցությունն է։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ անցյալ տարի Սամարղանդում բացվել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը, և ազգային ավիափոխադրող Turkish Airlines-ը կանոնավոր թռիչքներ է սկսել դեպի Թուրքեստան քաղաք, որտեղ ծնվել է հայտնի թուրք սուֆի բանաստեղծ և մտածող Խոջա Ահմեդ Յասավին։
«Մենք նպատակ ունենք նաև մեծացնել թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհրդի) նշանակությունը՝ որպես միջազգային կազմակերպություն։ Սեպտեմբերի վերջին, Թուրքիայի արտգործնախարարության կազմակերպչական աջակցությամբ, Ստամբուլում կայացել է թյուրքալեզու պետությունների դիվանագիտության ղեկավարների հանդիպումը, իսկ նոյեմբերի 12-ին նախատեսվում է կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովը»,- ասել է Չավուշօղլուն։