կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-24 19:22
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիան ճանաչել է Ցեղասպանության փաստը` պատասխանատուներին մահվան դատապարտելով․ Արմեն Մարուքյան

Երևի թե ամենավատ երազում կարելի էր պատկերացնել, որ հայ իրականության մեջ կքննարկվի՝ ի՞նչ է մեզ տալու Ցեղասպանության ճանաչումը, բայց մենք այդ վատ երազը դարձրել ենք իրականություն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը։

Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության հարցը շահարկվում է դեռ Բեռլինի կոնգրեսից սկսյալ, և սա բնական է։

«Այս խնդիրը մշտապես շահարկվել է, շահարկվում է և շահարկվելու է։ Սա մենք պետք է գիտակցենք, և յուրաքանչյուր պետություն, որն ընդունում է որևէ բանաձև, առաջին հերթին իր շահերից բխող քայլ է կատարում, որքան էլ մեր լոբբիստները աշխատում են, այստեղ խնդիրը պարզապես շահերի համընկնման մեջ է՝ տվյալ պետության և մեր ժողովրդի, որը փորձում է ավելացնել ճնշումը հանցավոր պետության նկատմամբ, քանի որ ակնհայտ է, որ իր կամքով Թուրքիան այդ քայլին չի գնալու՝ գիտակցելով դրա հետևանքները»,-ասաց Արմեն Մարուքյանը։

Որքան էլ Էրդողանը, Չավուշօղլուն հոխորտում են, որ դա իրենց վրա որևէ կերպ չի ազդում, Արմեն Մարուքյանի համոզմամբ՝ իրենք ստում են, որովհետև իսկապես շատ է ազդում։

«Եթե չազդեր՝ իրենք խորհրդաժողով չէին հրավիրի, Էրդողանի խորհրդականը և խոսնակը նախագահ Բայդենի անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանի հետ հանդիպում չէր ունենա, և չէր ներկայացնի թուրքական 4 հիմնական հակափաստարկները, թե ինչու ԱՄՆ նախագահ Բայդենը ապրիլի 24-ին չպետք է այդ բառը արտաբերի»,-ասաց Արմեն Մարուքյանը։

Այդ փաստարկներից 2-ը իրավական բնույթի են, մյուս 2-ը՝ քաղաքական։

Արմեն Մարուքյանը նկատեց, որ թեև Թուրքիայի փաստարկներից մեկն այն է, որ Հայոց ցեղասպանությունը դատարանը չի ճանաչել, ինչպես Ռուանդայի ու Սրեբրենիցայի դեպքում, բայց, գործնականում, հենց Թուրքիա պետությունն է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը։

Դա տեղի է ունեցել 1918 թ-ի նոյեմբերին, երբ Օսմանյան խորհրդարանի դահլիճում ընդունվել են շատ կարևոր որոշումներ․ նոյեմբերի 4-ին չեղարկվել է տխրահռչակ Տեղահանության մասին օրենքը, որը Ցեղասպանության քաղաքականությանը իրավական տեսք տալու փաստաթուղթ էր, սա իրենց հանցավոր քաղաքականությունից հետքայլ կատարելու գործողություն էր, այնուհետև նոյեմբերի 18-ին նոր թուրքական կառավարությունը վստահության քվե չի ստացել խորհրդարանում, որովհետև հստակ դիրքորոշում չի արտահայտել հայերի զանգվածային կոտորածների մասին, և նաև ստեղծվել է 5-րդ հանձնաժողովը, որն սկսել է հետաքննիչ աշխատանք երիտթուրքական կառավարության անդամների հարցաքննություն իրականացնելով։

Հետագայում բոլոր այս փաստաթղթերը փոխանցվել են Թուրքիայի ռազմական տրիբունալին, և հուլիսի 5-ին կայացվել է դատավճիռ, որով հիմնական գլխավոր պատասխանատուներին մահվան են դատապաևտել նաև հայերի զանգվածային կոտորածները կազմակերպելու և իրագործելու համար։

Աննա Բալյան

Այլ մանրամասներ՝ տեսանյութում․