Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիլցի կապակցությամբ։
Ուղերձում ասվում է. «107 տարի առաջ Օսմանյան կայսրությունը հայ ժողովրդին ոչնչացնելու համակարգված ծրագիր իրականացրեց, ինչը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը խլեց 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների կյանք: Չնայած այս զանգվածային սպանությունների վերաբերյալ առկա մեծաթիվ ապացույցների՝ Թուրքիան շարունակում է հերքել ցեղասպանության փաստը: Նրանք ցանկանում են, որ աշխարհը մոռանա, սակայն մենք չենք մոռանա: Մենք երբեք չենք մոռանա:
Իմ տասնյակ հազարավոր ընտրողների համար Ցեղասպանության ճանաչումը ողջ կյանքի պայքարի արդյունք էր: Դա շատ անձնական էր նաև ինձ համար: Ես շփվել եմ ցեղասպանություն վերապրածների հետ, նրանք ինձ ընդունել են իրենց տանը, ես լսել եմ նրանց ծնողների,եղբայրների ու քույրերի սպանությունների, նրանց տների և ընտանիքների կառուցած կյանքերի կործանման մասին պատմությունները: Ես տեսնում էի, թե ինչպես են նրանք վերստին ապրում նույն ցավը, երբ արցունքները գլորվում էին նրանց դեմքին:
20 տարի շարունակ ես ներկայացրել եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: 2019 թվականին պատմության մեջ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատն ու Սենատն ընդունեցին այս բանաձևը գրեթե միաձայն կերպով՝ հաստատելով Հայոց ցեղասպանության փաստը:
Իսկ նախորդ տարի նախագահ Ջո Բայդենը կոտրեց մեր երկրի՝ տասնյակ տարիներ շարունակվող լռության ամոթը՝ դառնալով առաջին գործող նախագահը, ով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս պատմական անկյունաքարային իրադարձությունները հնարավոր եղան ձեր, ինչպես նաև հզոր ու համառ հայկական Սփյուռքի շնորհիվ:
Հիշելով Հայոց ցեղասպանության ընթացքում գրանցված զոհերին՝ մենք նաև հիշատակում ենք հայ ժողովրդի դեմ վերջերս սանձազերծված բռնության զոհերին: Նրանց, ովքեր զոհվեցին Արցախում, հազարավորներին, ովքեր ստիպված էին ադրբեջանական ու թուրքական բռնությունների պատճառով լքել իրենց տունը, ինչպես նաև նրանց, ովքեր մնացել են որպես ռազմագերի, նրանց, ովքեր առ այսօր ապրում են նորից հարձակման ենթարկվելու վախը սրտում:
Ես մշտապես կլինեմ հայկական համայնքի կողքին՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերին, ինչպես նաև մշտապես կսատարեմ հայկական համայնքին՝ պահանջելով խաղաղություն Արցախի ու հայ ժողովրդի համար: Ես առաջ կտանեմ մեր պայքարը՝ հանուն մնացած հայ ռազմագերիների ապահով ու առանց նախապայմանների ազատ արձակման»: