կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-15 20:20
Քաղաքական

Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է. NEWS.am

Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է. NEWS.am

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող պատերազմին առնչվող քրեական գործով։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին քննչական կոմիտեից։ Խոսքը վերաբերվում է Ջալալ Հարությունյանի հրամանով թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված և շրջափակման արդյունքում զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործին։ Այս դեպքի շրջանակներում փետրվարի 13–ին  ՀՀ քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածի 4–րդ մասով (պատերազմի ժամանակ իշխանության անգործությունը)  մեղադրանք է առաջադրվել ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։

Գեներալ –մայորի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Այս դեպքը բացահայտվել և լուրջ հանրային արձագանք էր ստացել պատերազմից հետո։ Այսպես. պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 11–ին, Ջալալ Հարությունյանի հրամանով Մարտունի 3 պաշտպանականից 72 հոգանոց վաշտ են ուղարկել Հադրութ-Ջրական ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանը դիմակայելու համար, արդյունքում զինվորներն ընկել են շրջափակման մեջ, ինչի արդյունքում, ցավոք, մեծ մասը զոհվել, որոշներն էլ անհետ կորել են։ Ըստ մեղադրանքի՝ Առստամյանն ըստ հրամանի՝ պարտավոր էր դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի 72 զինծառայողներին, մինչդեռ տղաներին այդ ուղղությամբ ուղարկել է հենց ՊԲ հրամանատարը՝ քաջ իմանալով, որ այդ հատվածն արդեն անցել է թշնամու վերահսկողության տակ։ Պատերազմի ընթացքում այս և նմանօրինակ շատ այլ դեպքերից հետո հետո գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը, որը մարտական գործողությունների ժամանակ մեքենայի պայթյունի արդյունքում այրվածքներ էր ստացել,  տևական բուժումից հետո պաշտոն ստացավ Երևանում՝ նշանակվելով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: Իսկ Կարեն Առստամյանը նոյեմբերի 8–ին ազատվեց 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից, ապա ամիսներ անց՝ նրան մեղադրանք առաջադրվեց։ Նշենք, որ Առստամյանը, նախքան ՊԲ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը, լուրջ մարտական ուղի է անցել։ Վերջին 15 տարվա ընթացքում Առստամյանը ղեկավարել է ՊԲ մի քանի պաշտպանական շրջաններ, եղել է Բանակի ինժեներական ծառայության պետ։ Առստամյանի հրամանատարությամբ այս տարիների ընթացքում հայկական կողմին հաջողվել է լուրջ հակահարվածներ հասցնել թշնամուն Մարտունու և Մարտակերտի ուղղություններում։ Համաձայն «Հետքի» հրապարակման՝ 2008-ի մարտի 3-ի լույս 4-ի գիշերը, երբ Երեւանում արտակարգ դրություն էր հայտարարված հայտնի քաղաքական իրադարձություններից հետո, ադրբեջանական հատուկ ստորաբաժանումը Մարտակերտի Լեւոնարխ գյուղի ուղղությամբ ներխուժել էին Առստամյանի գլխավորած զորամասի պաշտպանական դիրքեր ու գրավել դրանցից մեկը: Մի քանի ժամ անց մերոնք թշնամուն հետ էին շպրտել: Եթե հայկական կողմից վիրավորվել էր երկու սպա, ապա ադրբեջանցիները տվել էին 30-ից ավելի վիրավոր ու 11 զոհ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ: Առստամյանի զորամասի վրա թշնամին հարձակումներ է գործել նաև 2010-ի աշնանը, սակայն երկու դեպքում էլ լուրջ հակահարված է ստացել։ Այդ ժամանակահատվածում տեղի ունեցած պաշտպանական մարտերի պատմությունը, որպես օրինակելի նմուշ անգամ փակցվել է մարտական դիրքերի գետնատնակներում: Առստամյանի ղեկավարած ստորաբաժանումները թշնամուն ջախջախել են նաև 2014թ. օգոստոսյան դիվերսիաների ընթացքում։ Այդ ժամանակ Առստամյանը զբաղեցնում էր 3-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը։

Իսկ 2020–ի Արցախյան վերջին պատերազմի ժամանակ   զորքերի հմուտ եւ անխափան ղեկավարումն իրականացնելու, թշնամու մեծաթիվ ուժեր ջախջախելու համար Առստամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանով։ Ընդ որում, գեներալ-մայոր Առստամյանը շքանշանի է ներկայացվել 2020թ. հոկտեմբերի 26–ին՝ Հադրութ ուղարկված զինծառայողների հետ կապված միջադեպից երկու շաբաթ անց։ Նման իրավիճակում հարց է առաջանում, արդյոք բանակի հրամանատարությունը տեղյակ չի եղել գեներալի «անգործության» մասին, թե՞ քաջատեղյակ լինելով այդ պատմությունից,  շքանշաննով «կաշառել է» զինվորականին՝  հաշվի առնելով, որ անհավասար կռվում փորձառու զինվորականների խիստ կարիք կար։ Արդյոք կհաջողվի Քննչական կոմիտեին ապացուցել Առստամյանին առաջադրված մեղադրանքը, թե քրեական գործը կկարճվի՝ հանցակազմի բացակայության հիմքով, ցույց կտա ամանակը։