Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 5-ին ԱՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանի կողմից բռնագրավված մի շարք բնակավայրերի ղեկավարների, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի նախկին ղեկավար Սևակ Բաղդասարյանի նկատմամբ: Նշենք, որ նա ակտիվ մասնակցություն է ունեցել գյուղի պաշտպանության ժամանակ, նաև ապրիլյան պատերազմի օրերին ամենաթեժ կետերից մեկում է եղել:
Հարուցված քրեական գործի կապակցությամբ «Ապառաժ»-ը դիմել է Սևակ Բաղդասարյանին, վերջինս նշել է, որ Ավետարանոցի բնակիչների ցուցակները վերցրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: «Ընդհանրապես ոչ մի փաստաթուղթ չէի հանել գյուղապետարանից: Գյուղի մոտ դիրքավորվել էինք, թուրքերը մեզ շրջանցել ու մտել էին գյուղ: Իսկ պատերազմից հետո շտապ բնակիչների տվյալներն էին պահանջում: Այլ գյուղապետերից իմացել եմ, որ գյուղի բնակիչների ցուցակները վերցրել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Ես էլ այնտեղից ստացա ցուցակը ու սկսեցի ստուգել տվյալները: Եթե մյուս գյուղերը փոքր էին, հեշտ էր ստուգել, Ավետարանոցում 1175 բնակիչ էր գրանցված: Ինձ տրամադրած ցուցակներում անճշտություններ կային: Այդ ժամանակ մենակ էի աշխատում, գյուղապետարանի մյուս աշխատակիցները դեռևս չէին վերադարձել, ձգտում էի այնպես անել, որ որևէ մեկը դուրս չմնար ցուցակից»,- ասել է Սևակ Բաղդասարյանը:
Իսկ գյուղի ուռճացված ցուցակն իր բացատրությունն ունի. «Գյուղացիների մի մասը գյուղատնտեսությամբ էր զբաղվում Ակնայում, Տիգրանակերտում: Ընթացքում գնում-գալիս էին, կային նաև ընտանիքներով այնտեղ ապրողներ: Բայց Աղդամի կամ Տիգրանակերտի ցուցակներ չկային, ուստի մեր գյուղի ցուցակներում ընդգրկվեցին: Կային նաև Ստեփանակերտում աշխատողներ, ովքեր ամեն օր իրիկունը վերադառնում ու առավոտյան գնում էին աշխատանքի: Հետո սկսել են հարցեր տալ, թե ինչպես է պատահել, որ տվյալ անձը աշխատանքից չի բացակայել ու ապրել է գյուղում»,- ասել է մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ այլ վայրերում ապրողների անվան դիմաց նշել է բնակության վայրը:
Ավետարանոցի նախկին համայնքի ղեկավարը իրեն տրամադրված ցուցակներում անծանոթ անունների էլ է հանդիպել: «Մարդիկ կային, որոնց չէի ճանաչում, բայց գրանցված էին գյուղում: Քարտուղարին հարցրի, պատասխանեց, որ համագյուղացի ընկերն է այդ ընտանիքին գրանցել: Կարգադրեցի ցուցակից հանել նրանց անունները: Սակայն մի քանի օր անց այդ համագյուղացուն հանդիպեցի, ասացի, որ ընկերոջը ցանկից հանել եմ: Նա տեղեկացրեց, որ նրանք արդեն առցանց լրացրել ու ստացել են գումարը: Իմացա, որ էլի ստացողներ եղել էին մինչև ցուցակների վերջնական հաստատումը: Այդ դեպքում նրանց անունները հանելով որևէ բան չէր փոխվի»,- կարծում է Ս. Բաղդասարյանը:
Հունվարի 27-ն էր դիմումների ներկայացման վերջնաժամկետը, բայց մի մասը դեկտեմբերի 23-ին արդեն գումարները ստացել էր:
Նրա խոսքով՝ եթե պիտի գյուղապետը հաստատի, նախքան հաստատումը այդ գյուղից ոչ մեկը չպիտի գումար ստանար, որպեսզի համայնքի ղեկավարն իրեն պատասխանատու զգա: Բայց եթե գումարը տրամադրելուց հետո են ցուցակ պահանջում, ինչպե՞ս կարող է ինքը վերահսկել:
Դատախազությունից, ոստիկանությունից են կանչել, ինքը մանրամասն բացատրություն է ներկայացրել:
Նա իր ներկայացրած ցուցակը անթերի չի համարում, բայց ինչպես կարող էր ժամկետային զինծառայողների, սպաների անունները հանել:
Համագյուղացիների հարգանքը վայելող Սևակ Բաղդասարյանը շատ է վիրավորվել իր անվան անհարկի շահարկումներից: Ըստ նրա՝ համայնքի ղեկավարը շատ նվաստ վիճակում է հայտնվել ու ամեն ինչ նրա վրա են բարդում: Ինքը դեռևս նոյեմբերի վերջերին էր դիմում ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնից ազատվելու համար: «Ես պատերազմի ժամանակ եմ համոզվել, որ ճիշտ վերբերմունք չկա իմ նկատմամբ, կանչել էին բացատրություն ստանալու իբր փախել եմ: Այն դեպքում, երբ մեր գյուղացիների հետ գյուղի դիրքերն էինք պաշտպանում»:
Դեկտեմբերի 10-ից հետո չի գնացել աշխատանքի, բայց աշխատողների հետ կապ էր հաստատում մարդկանց տվյալները ճշտելու համար, իսկ ազատման հրամանը հունվարի 20-ին է եկել:
Զավեշատլի է, որ դատախազություն հաղորդում է ներկայացվել հենց ԱՀ ՏԿԵ նախարարության կողմից, ում տրամադրած ցուցակների տվյալների վրա աշխատել են գյուղապետերը: