Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան ազատամարտում մարտական փառավոր ճանապարհ անցած պաշտպանության բանակի գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, ով վերջերս զբաղեցնում էր ՀՀ ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնը, «Արցախպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում հետաքրքիր բացահայտումներ է արել:
- Պարո՛ն Արզումանյան, 2016թ.-ին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի ժամանակ Դուք՝ որպես ռազմաճակատի հարավային թևի հրամանատար, կարո՞ղ եք ասել, թե ինչ է փոխվել առ այսօր, արդյո ՞ ք կատարված ամրացման աշխատանքները բավարար են դիմագրավելու թշնամու հավանական նոր սադրանքներին:
- Գիտեք ինչ, ես այն զինվորականներից եմ, ով, կարևորելով 2016թ. ապրիլից հետո առաջնագծում կատարված լայնածավալ աշխատանքները, միևնույն ժամանակ չի թերագնահատում նախորդ 22 տարիներին բանակում արված գործը: Դուք հիմա կարող եք հարցնել, թե ինչպես եղավ, որ հակառակորդը 2016թ.-ին կարողացավ գրավել որոշ դիրքեր: Որպես զինվորական՝ կարող եմ հավաստիացնել, որ պատերազմում նախահարձակ կողմի սկզբնական հաջողությունը հիմնականում հիմնավորված է լինում, և այստեղ կարևոր է գնահատել դրան հաջորդած մեր գործողությունների արդյունավետությունը: Մենք ուղիղ իմաստով ոչ մի ռազմավարական հաջողության չհասած թշնամուն ստիպեցինք խաղաղություն խնդրել: Հավատացնում եմ, որ եթե պատերազմական ակտիվ գործողությունները շարունակվեին ևս 3-4 օր, Հայոց բանակի ստորաբաժանումները կազատագրեին մեր պատմական հողերի նոր հատվածներ:
- Դուք այն զինվորականներից եք, որ մարտական մկրտությունն ստացել է Արցախյան պատերազմի առաջին օրերին՝ լինելով Բեկոր Աշոտի զինակից ընկերն ու նրա զոհվելուց հետո՝ առաջին գումարտակի կազմում առաջին վաշտի փոխարինող հրամանատարը: Հետաքրքիր է, գնահատելով նաև 2016թ.-ի արդյունքները, մարտական ոգու առումով տարբերություն տեսնու՞մ եք ներկայիս սերնդի և Ձեր սերնդի միջև:
- Մեր սերունդը հաղթանակած սերունդ է, և չեմ կարծում, թե հերոս մարդը կարող էր վախկոտ երեխաներ դաստիարակել: Վկան ու փառքի դափնին կրողը Ռոբերտ Աբաջյանն է, Մարատ Պետրոսյանն է և մեր մյուս քաջորդիները, որոնք ցույց տվեցին իրենց նվիրումն ու խիզախությունը հայրենիքի հանդեպ:
- Առիթն օգտագործելով՝ Ձեր թույտվությամբ անդրադառնանք նաև մի հայտնի բանբասանքի: Չար լեզուները ասում են, թե իբր 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ վարչապետ Արայիկ Հարությունյանը «թույլ չի տվել իր արտերով տանկերի տեղաշարժը»: Կխնդրեի՝ որպես այդ ժամանակ բանակի հարավային թևի հրամանատար՝ պարզաբանել՝ արդյո՞ք եղել է այդպիսի բան:
- Նման բան ոչ թե չի եղել, այլ չէր էլ կարող լիներ, քանի որ նախ տարածքը, որտեղով պետք է ապահովվեր տանկերի առաջխաղացումը դեպի մարտական դիրքեր, ընդհանրապես գյուղատնտեսական նշանակության չէր, այնտեղ արտեր չկային: Ոչ միայն տանկերի, այլ բոլոր տիպի զինտեխնիկայի տեղաշարժի հետ կապված որևէ մեկի կողմից որևէ խնդիր չի եղել: Ասեմ ավելին, ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում ես օրվա մեջ մի քանի անգամ իրավիճակի մասին տեղյակ էի պահում վարչապետին, քանի որ ի պաշտոնե նա էր հանդիսանում քաղպաշտպանության ղեկավարը, և չի եղել մի դեպք, որ հարց լիներ, ու նա անմիջապես դրականորեն չարձագանքեր: Անգամ այդ օրերին նա անձամբ է այցելել առաջնագիծ, իսկ հրադադարից անմիջապես հետո նրա ցուցումով հաշված ժամերի ընթացքում անհրաժեշտ շինարարական տեխնիկա է տեղափոխվել առաջնագիծ, որպեսզի նոր դիրքերի ամրացման և ինժեներական այլ աշխատանքներն իրականացվեն հավուր պատշաճի:
Անկեղծ ասեմ՝ ես բարձր եմ գնահատում այդ օրերին Արայիկ Հարությունյանի ունեցած ադեկվատ և սրտացավ պահվածքը: Նման բամբասանքները, որոնք հասել են նաև իմ ականջին, ցավոք, չար նախանձի հետևանք են: Ինչպես Նժդեհը կասեր, մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր:
- Պարո՛ն գեներալ, երկարամյա ծառայությունից հետո մեկնել եք վաստակած հանգստի և գտնվում եք պահեստազորում: Եթե Աստված մի արասցե նորից պատերազմ սկսվի, կկանգնե՞ք կրկին զինվորի կողքին:
- Իհարկե, անկախ քաղաքական հայացքներից ու մոտեցումներից, ես իմ հայրենիքի զինվորն եմ: