կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-23 17:43
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորցրել ենք բանակ, որն ունեցել է հաղթողի հոգեբանություն․ Մովսես Հակոբյանը՝ պարտության մասին

Մեր բանակը կորցրել է հաղթելու ունակությունը, դա ամենամեծ կորուստն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիսում։

«Մենք հիմա չունենք այն բանակը, որը 1990-ականների հաղթանակներ կերտածն ու դրա շարունակողն է: Ցավոք, մենք այսօր ունենք պարտված բանակ ու դեռ երկար ժամանակ պետք է կարողանանք այդ հոգեվիճակից դուրս գալ: Ամենամեծ դժվարությունը դա է»,-ասաց նա։

Հակոբյանի համոզմամբ՝ նյութական կորուստները բոլորը վերականգնելի են, անգնահատելի է մեր երիտասարդների կորուստը:

«Մենք անհասկանալի պատճառներով պաշտոնական տվյալներ չունենք: Մենք սերունդ ենք կորցրել: Մի մասն անվերադարձ է, մի մասը հաշմանդամ է դարձել, մի մասը հոգեբանական խնդիրներ ունի: Ընդ որում, հաղթելու ժամանակ այլ հոգեբանություն ես ձեռք բերում, պարտվելու ժամանակ՝ այլ»,-ասաց նա:

Մովսես Հակոբյանի կարծիքով, այդ մարդկանցից շատերը Հայաստանում իրենց տեղը չեն գտնելու, պարտադրված են լինելու արտագաղթել։

«Նյութականը վերականգնվող է, կորուստն այն է, որ կորցրել ենք մարդկանց ու կորցրել ենք մի բանակ, որն ունեցել է հաղթողի հոգեբանություն: Այս ուղղությամբ պետք է աշխատենք այն վերականգնելու համար»,-ասաց նա:

Արցախի բանակի ստեղծումը օրհասական է, ասաց նա, եթե քաղաքական իրավիճակն այնպես դաասավորվի, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն այլևս չլինի, պետք է արագ ամրապնդել Արցախի բանակը։

Պարտության պատճառների մասին խոսելով՝ նա ասաց, որ այս պատերազմում հակառակորդը բավականին լուրջ պատրաստված էր, նաև ներգրավել էր Թուրքիայի օդուժը, օտարերկրյա վարձկաններ, բայց պատերազմի առաջին 3 օրը, երբ մեր պաշտպանությունը դեռ ճեղքված չէր, Հակոբյանի կարծիքով, հակառակորդի հարձակումները պետք է մարվեր, ու պետք է չկարողանային ճեղքում իրականացնել:

«Մեր առաջին գծում կանգնած զինվորների սխրագործություններն ապացուցում էին, որ բանակը կարողանում է դիմակայել այդպիսի ահռելի ուժին: Կադրերով տեսել եք երեւի, որ ամեն մի ուղղությամբ 20-30 տանկերով փորձում էին մխրճվել ու հաջողություն չէին ունենում: Հակառակորդը իր տանկերի կիրառումը սահմանափակել է, որովհետեւ դրանց մեծ մասը վառվել է մարտի դաշտում, իսկ մի մասը վախենում էին կիրառել: Այստեղ հակառակորդը բավականին լուրջ առավելություն է ունեցել օդում, ԱԹՍ-ների դեմ պայքարը մեզ մոտ բավականին թույլ է եղել, դրա պատճառները կան, ես մասամբ խոսել եմ այդ մասին: Սա է բերել նրան, որ հակառակորդը կարողացել է ինչ-որ հատվածներում ճեղքել»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյություն․