կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-23 17:08
Հասարակություն

«Դիլիջան» ազգային պարկում կրճատումներ են արել եւ միաժամանակ նոր հաստիքներ ավելացրել. «Հրապարակ»

«Դիլիջան» ազգային պարկում կրճատումներ են արել եւ միաժամանակ նոր հաստիքներ ավելացրել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Դիլիջան ազգային պարկում բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանի կամքով կրճատումներ են արվել։ Այս մասին մեզ ասաց ՊՈԱԿ-ի տնօրենի մամուլի խոսնակ Անահիտ Ամիրխանյանը, որի հաստիքը եւս կրճատել են։ Ամիրխանյանի խոսքով՝  այդ կրճատումներին զուգահեռ, սակայն, նոր հաստիքներ են ավելացրել, օրինակ՝ մամուլի խոսնակի փոխարեն՝ փոխտնօրենի հաստիք։

«Ինձ ազատում են՝ հաստիքի կրճատման պատճառով, բայց ոչ մի հիմնավորում չի բերվում, իմ հաստիքը կրճատվում է, բայց դրա փոխարեն ավելանում են նորերը, մամուլի խոսնակի հաստիքը կրճատելով՝ տնօրենի տեղակալի հաստիք է ավելացնում։ Ունենք Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն, դա ազգային պարկի մի մասն է կազմում, ղեկավարն անասնաբույժ է, հաստիք են ավելացրել՝ անասնաբույժը՝ առանձին, կենտրոնի ղեկավարը՝ առանձին։ Կրճատել են անտառապետի 2 օգնականին, իրենցը տարիքային է, հասկանալի է, թոշակառուների են կրճատել, եւ տնօրենն իր բարեկամներին ընդունում է աշխատանքի՝ իր քրոջ որդուն, հորեղբոր թոռանը։ Այսինքն՝ երբ արհմիության ժողով եղավ, կազմակերպության անդամների, աշխատակիցների մոտ հարց բարձրացրի, տնօրենին խնդրեցի պարզաբանել, թե ինչու է իմ հաստիքը կրճատվում, պատասխանը եղավ շատ անակնկալ՝ «ինձ մամուլի խոսնակ պետք չէ»»,- ասաց Ամիրխանյանը։ 

Նա ասաց, որ ինքը քաղաքական այլ դիրքորոշում ունի․ իշխանամետ չէ, եւ, իր համոզմամբ, իր հաստիքն այդ պատճառով են կրճատել, մինչ այդ էլ ԱԱԾ-ն է ժամանակ առ ժամանակ անհանգստացրել․ «Ինձ թվում է՝ ընտրություններից առաջ փոփոխություններ են կատարվում, կոպիտ ասած՝ ես էլ իրենց պետք չեմ, որովհետեւ իմ քաղաքական հայացքներն այլ են, ես իշխանամետ չեմ։ Ես հակված եմ դրան։ Բացի այդ, ինձ Ազգային անվտանգության ծառայությունից էին անհանգստացնում՝ մինչեւ հաստիքս կրճատելը, հիմքը չէին ասում, ես էլ չէի ներկայանում, որովհետեւ ինձ ծանուցագիր չէին ուղարկում»։

Ամիրխանյանն ասաց նաեւ, որ ինքն այս հարցով դիմել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին, նա իր ասածների մասին հիմնավորումներ է պահանջել, եւ ինքը տրամադրել է աշխատակիցների ցանկը, որոնք իրենց զբաղեցրած պաշտոններին չեն համապատասխանում, սակայն նախարարն այլեւս չի պատասխանել․ «Ես հարցում եմ ուղարկել Ռոմանոս Պետրոսյանին, թե ինչ հիմքով է կրճատվում իմ հաստիքը, եւ այլ աշխատանք ինձ չի առաջարկվում։ Ռոմանոս Պետրոսյանն ասում է՝ ներկայացրեք, թե ինչ ուռճացված հաստիքների մասին է խոսքը, եւ ինչ մարդիկ կան, որոնք չեն համապատասխանում իրենց պաշտոնին։ Ես ներկայացնում եմ՝ քար լռություն, ոչ մի պատասխան։ Այսինքն՝ իր չպատասխանելն ավելի խոսուն էր։ Դիլիջան ազգային պարկում կան պաշտոն զբաղեցնող մարդիկ, որոնք խրախուսվում են տնօրենի կողմից, բայց չունեն բարձրագույն կրթություն եւ մի քանի տարի անընդմեջ այդ պաշտոնները զբաղեցնում են։ Ուրբաթ օրը կայացած ժողովի ընթացքում տնօրենն ասում է՝ «Ինձ մագիստրատուրա ավարտած աշխատող պետք չէ, ինձ նրանք ձեռք են տալիս»։ Այդ բոլոր փաստերը կան, քանի որ ես ժողովը տեսաձայնագրել եմ»։

Մենք կապվեցինք տնօրենի պաշտոնակատար Ադամ Պողոսյանի հետ։ Նա էլ իր հերթին՝ «թիվ 1 պատասխանատուն ես եմ, բայց թիվ 1 մեղավորը ե՞ս եմ» ոճի մեջ ասաց, որ կապ չունի կրճատումների հետ, որոշողը պարկի կառավարման խորհուրդն է, որի նախագահը բնապահպանության փոխնախարար Տիգրան Սիմոնյանն է․ «Ո՞վ է ասում՝ աշխատանքից հեռացրել ենք, սխալ է ասում, ինքը մեր հաստիքացուցակի կրճատման տակ է ընկել, հո ես չե՞մ հեռացրել։ Հաստիքացուցակը ես չեմ կրճատել, դա խորհրդի նիստն է որոշել, մենակ ինքը չէ, որ կրճատվել է։ Եթե խորհրդի նիստը նպատակահարմար չի գտնում, որ մամուլի խոսնակ ունենանք, կամ անտառապահներն այսքան լինեն․․․ դա խորհրդի նիստ է, ես ընդհանրապես չեմ էլ մասնակցում»։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: