Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ սպառողական շուկայում 2021 թվականի փետրվարին 2020 թ.-ի փետրվարի համեմատ գնաճը կազմել է 5,3 տոկոս։ Հիմա էլ ամեն օր մարդիկ գնաճն զգում են շոշափելիորեն: Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշում է՝ մեղմ ասած, պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում։ «Վերցնում են մեթոդիկան, որը նախատեսում է 470 ապրանքների և ծառայությունների գների ուսումնասիրություն և միջինացված տվյալների ներկայացում։ Սա բոլորովին չի արտացոլում մեր գնաճի պատկերը, քանի որ կան առաջին անհրաժեշտության ապրանքներ և ծառայություններ։ Եթե մեր վիճակագրությունն այդ 15-20 ապրանքն ու ծառայությունն ուսումնասիրեր և գնաճը ցույց տար դրանց օրինակով, ապա դա կարտացոլեր իրական գնաճը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։
Նշում է՝ չափավոր գնաճ կա բոլոր երկրներում։ «Հարցն այն է, որ զարգացած երկրներում գնաճին առաջանցիկ տեմպերով նախորդում է եկամուտների աճը։ Պատկերավոր ասած՝ եթե գներն աճեցին հինգ տոկոսով, իսկ եկամուտները՝ յոթ, ոչ ոք այդ գնաճը չի էլ նկատի ու չի տրտնջա»,-ասում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ կա «նոմինալ» և «կրիմինալ» գնաճ։ «Նոմինալ գնաճի դեպքում տեսնում ես, որ, օրինակ՝ 20 դրամով այս ապրանքը թանկացավ։ «Կրիմինալի» դեպքում՝ փոխում են հացի քաշը կամ ծակոտկենությունը, և դու դա չես նկատում։ Ստացվում է՝ նոմինալ գինը չեն բարձրացրել, բայց ապրանքը թանկացել է։ Ընդ որում՝ ոչ ոք չի կարող հստակ կշռել հացի քաշի այդ տարբերությունը։ Նման կշեռքներ կան միայն լաբորատորիաներում։ Ես միշտ ասել եմ, որ այս խնդիրը պետք է լուծել, այս հարցը բարձրացրել եմ՝ վերցնենք հացը կամ այլ ապրանք, կշռենք և հասկանանք, թե ինչքան «գողացան» մեզանից։
Նույնը շաքարավազի դեպքում է՝ խոնավությունն ու շաքարայնությունն են փոխում, սուրճում՝ կոֆեինի տոկոսը, և այլն։ Ստացվում է, որ ամեն տեղ այդ մեքենայությունը, շորթումը կա»,-ընդգծում է Պողոսյանը։ Ասում է՝ այս հարցով ոչ մեկ անգամ դիմել է ՊԵԿ-ին, իրեն ասել են, որ համապատասխան լաբորատորիա չունեն։ «Սա պատասխան չէ, մենք ունենք լաբորատորիաներ, որտեղ կարող են ապրանքներն ուղարկել և հասկանալ գնի և քաշի ու ապրանքի այլ հատկանիշների հարաբերակցությունը»,- նշում է ասոցիացիայի նախագահը: Պողոսյանը հավելում է՝ 1,2-1,5 տրիլիոնի ապրանքների և ծառայությունների շրջանառություն ունենք։ «Եթե այդտեղ մենք 5-10 տոկոսի թաքնված փող բացահայտենք, դա կլինի ֆանտաստիկ գումար։ Իսկ ինչո՞ւ ոչ ոք դրանով չի հետաքրքրվում»։
Կան ապրանքներ՝ բուսական յուղ, ձեթ, կարագ և այլն, որոնք Հայաստանը ներմուծում է տարբեր երկրներից, և դրանց թանկացումը պատճառաբանվում է ներմուծման փաստով. դրանք թանկացել են միջազգային շուկայում, արժեքը բարձրացել է նաև Հայաստանում։ Բայց կան նաև սննդամթերքներ, որոնք արտադրվում են մեր երկրում և բավականին բարձր գին ունեն, օրինակ՝ հավկիթը, կաթնամթերքը և այլն։ Պողոսյանի խոսքով՝ գյուղմթերքն առհասարակ թանկանում է մի պարզ պատճառով՝ գնող կազմակերպություններն անհատներից և արտադրողներից ապրանքները գնում են էժան և երկու-երեք անգամ թանկ վաճառում են շուկայում։
«Գյուղացուն հասնում է այդ գումարի 30 տոկոսը, բայց ամենաշատը նրանք են չարչարվում։ Այս առումով պետք է լինի մրցակցություն, որ գուղացին ընտրության հնարավորություն ունենա՝ ո՞ւմ վաճառել իր ապրանքը։ Բայց մենք գիտենք, որ շատ դեպքերում մեկ հոգի դառնում է գյուղացու կոնկրետ ապրանքատեսակի գնորդը, հետևաբար ինչ գին էլ առաջարկի, գյուղացին ստիպված է համաձայնել։ Բոլոր իշխանություններն ասում էին՝ շրջվենք դեմքով դեպի գյուղացին, բայց սա անելու ճանապարհին որևէ հաջողություն չունեցան։ Գյուղացին մեր երկրի ամենամեծ արժեքն է, պետք է ամեն ինչ անենք, որ նա բարեկեցիկ ապրի, բայց այդ ուղղությամբ ոչ ոք ոչ մի քայլ չի անում»,-ընդգծում է մեր զրուցակիցը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: