կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-11 21:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտահերթը ճգնաժամը կհաղթահարի, եթե լինի մրցակցային, հավասար պայմաններում և վստահելի․ Սաղաթելյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մեր, ոչ թե Փաշինյանի պահանջը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայի վրանում անցկացվող մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին արդյո՞ք Շարժումը կհրաժարվի մասնակցել ՀՀ նախագահի և վարչապետի մասնակցությամբ քաղաքական խորհրդակցություններին, եթե օրակարգում լինի ոչ թե վարչապետի հրաժարականը, այլ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

«Մենք դեռ ամառվանից էինք խոսում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, բայց մինչև արտահերթ ընտրությունները ունենք ևս երկու պահանջ՝ վարչապետի հրաժարական , ժամանակավոր կառավարություն։ Ինչո՞ւ, որովհետև արտահերթ ընտրությունները կհաղթահարեն ճգնաժամը, եթե լինեն մրցակցային, հավասար պայմաններում և ունենան վստահություն, իսկ այդ պայմանները Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակ հնարավոր չէ պահպանել, հետևաբար, այդ ընտրություները ցանկալի է, որ լինեն առանց իրեն»,-պարզաբանեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իրենց համար սկզբունքային է նաև այն, որ վարչապետը ընտրությունների ժամանակ չի կարող ցանկ գլխավորել, և չի կարող հավակնել հաջորդ կառավարությունում վարչապետ լինելուն։ Հինեց այս պատճառով էլ իրենք առաջադրել էին Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ իբրև Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու, որովհետև նա հայրտարարել էր, որ չի մասնակցելու հաջորդ կառավարության ձևավորմանը։

Նշենք, որ Իշխան Սաղաթելյանը ասուլիսում հրապարակեց Հայրենիքի փրկության շարժման Հայտարարությունը, որով Շարժումը պատրաստակամություն էր հայտնում մասնակցելու ՀՀ նախագահի առաջարկած քաղաքական խորհրդակցություններին ՀՀ վարչապետի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ, եթե օրակարգում լինի վարչապետի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորումը, արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իսկ խորհրդակցություններն անցկացվեն Ազգային ժողովում, հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում․