Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առանցքային փոփոխություններ են տեղի ունենալու առաջիկա ընդունելության կարգում․ բուհերի ընդունելությունը կլինի 2 փուլով՝ առաջին փուլում 1 մասնագիտություն կնշվի հայտում, 2-րդում՝ 6։ Նախագիծը շրջանառվում է, հանրային քննարկման է դրված։
Անցյալ տարի դիմորդների ծնողները բողոքի ակցիաներից ուշքի չեկան՝ բարձր միավոր ստացածները դուրս էին մնացել կամ ընդունվել ոչ իրենց ցանկացած բուհը, քանի որ ընդունելության կարգում առաջնային հայտը գերակա էին դարձրել ոչ միայն անվճար, այլև վճարովի տեղերի համար։ Այս տարի այդ խնդիրը, կարծես, լուծվում է, քանի որ առաջին փուլում հայտում նշվում է ընդամենը մեկ մասնագիտություն՝ առանց առաջնահերթության անվճար և վճարովի տեղերի համար՝ ըստ հավաքած միավորների․ բարձր միավոր ստացածները կընդունվեն անվճար, ցածրը՝ վճարովի։ Մեկ այլ խնդիր, սակայն, շարունակելու է մնալ․ քանի որ առաջին փուլով միայն մեկ մասնագիտություն կարելի է ընտրել, դրանից ինչ-ինչ պատճառներով դուրս մնացածները հնարավորություն չեն ունենա թեկուզ նույն քննություններով մեխանիկորեն ընդունվելու մեկ այլ մասնագիտությամբ, այլ պիտի սպասեն՝ առաջին փուլում այդ մասնագիտությունը գրածները՝ բոլորը, ընդունվեն, հետո նոր, եթե թափուր տեղ մնա, իրենք դիմեն երկրորդ փուլով։ Նախագիծը մշակողները սա բացատրում են կոնկրետ մասնագիտության ընտրությունը կարևորելով, բայց սա խնդիր է, որը կարող է կրկին պատճառ դառնալ բողոքի ակցիաների քննությունների արդյունքները հրապարակելուց հետո։
Հիմա՝ մանրամասն։
Առաջին փուլում, որը նախատեսված է անցկացնել ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, դիմորդները հայտում նշելու են միայն 1 բուհի 1 մասնագիտություն՝ անվճար և վճարովի տեղեր։
«Սա նշանակում է, որ մրցույթը անցկացվելու է հենց առաջին հայտում գրված մասնագիտությունների շրջանակում․ դա հիմնական մրցույթն է լինելու, դիմորդները պետք է լրացնեն մեկ բուհի մեկ մասնագիտություն՝ դրա անվճար և վճարովի տարբերակները։ Այնուհետև մրցույթի հիմնական փուլի ամփոփումից հետո թափուր տեղեր առաջանալու պարագայում կարող են արդեն լրացուցիչ մրցույթին՝ 2-րդ փուլին, մասնակցել դիմորդները՝ հայտագրելով արդեն մինչև 6 բուհեր և մասնագիտություններ, որտեղ պահանջվում են այն նույն քննությունները, որոնք իրենք հայտագրել են առաջին փուլում։ Նոր քննություն չեն հանձնելու»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը։
Նա վստահեցրեց, որ եթե դիմորդը միանգամից նշում է անվճար և վճարովի, ապա անվճար տեղը չզբաղեցնելու դեպքում, ըստ արդյունքների նվազման, ինքնաշխատ արդեն հավակնում է նույն մասնագիտության վճարովի մրցույթին։
Անվճար տեղերի քանակը քիչ է՝ այնքան, ինչքան անցյալ տարի՝ 1 800 տեղ։ Ընդհանուր՝ 12 000 անվճար և վճարովի տեղեր են հատկացվել բուհերին տարբեր մասնագիտություններով։
Նախագծով սահմանված են ժամկետներն ու դիմելու վայրը․ ի տարբերություն նախորդ տարիների, երբ փաստաթղթերը պետք է տանեին այն բուհը, որն առաջինն էին հայտագրում, այս անգամ հայտագրումը պետք է լինի էլեկտրոնային եղանակով։
«Սա պայմանավորված է համավարակով, էականորեն նվազեցնում է շփումները դիմորդների, ընդունող հանձնաժողովի և այլնի միջև։ Մեկ հայտով հայտագրման ժամկետներն այս պահին նախագծով ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն են նախատեսված։ Այդ ընթացքում դիմորդները հնարավորություն կունենան այցելելու կայք, ծանոթանալու պայմաններին, և մինչև վերջնաժամկետի օրը փոփոխություններ կատարելու իրենց հայտում»,-ասաց Լուսինե Գրիգորյանը։
Հղումը, որը սեղմելով դիմորդները լրացնելու են բուհ դիմելու հայտը Գնահատման և թեսթավորման կենտրոնի կայքում է լինելու։ ԳԹԿ-ն արդեն նախապատրաստում է կայքը, որպեսզի ժամանակին մեկնարկի։
Փաստաթղթերը ամբողջությամբ էլեկտրոնային պետք է լինեն՝ սկանավորված կամ պատճենված տարբերակներով։ Նաև դիմումի ձև կա՝ ընթացակարգը հեշտացված է դիմորդների համար։ Բացի դրանից, նախատեսվել են, որ և՛ դպրոցները, և՛ ընդունող հանձնաժողովները փորձեն օգտակար լինել դիմորդներին։ Դիմորդը, եթե չունի տեխնիկական հնարավորություններ կամ կապի միջոցը խափանված է և այլն, պետք է մոտենա դպրոցներին, և դպրոցներում այդ նպատակով առանձնացված են համակարգիչներ, նաև բուհերի ընդունող հանձնաժողովներում կլինեն առանձնացված համակարգիչներ, որոնք կօգնեն դիմորդներին՝ ճիշտ լրացնելու և ժամանակին լրացնելու հայտերը։
Այս ամենը կարելի է անել և տանից, այդ դեպքում անհրաժեշտություն չի լինի գնալու բուհի ընդունող հանձնաժողով կամ դպրոց, սրանք ընդամենը լրացուցիչ երաշխիքներ են այն դիմորդների համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով չունեն սարքեր կամ չեն տիրապետում լրացման կանոններին։
Ամեն քննության համար 1 500 դրամ վճարման անդորրագրերը ևս սկան տարբերակով պետք է կցվեն փաստաթղթերի ցանկին։ Վճարում կարելի է անել ցանկացած բանկում, նախընտրելի որևէ տեղ չկա, հաշվեհամարը լինելու է կա՛մ Գնահատման և թեսթավորման կենտրոնինը, կա՛մ ներբուհական քննությունների համար՝ բուհինը։ Ներբուհականը մշակույթի և արվեստի ֆակուլտետներն են, որոնք հենց բուհերն իրենք են կազմակերպում, տարբերությունն այն է, որ հաշվեհամարը պետք է բուհինը լինի։ Եթե, օրինակ, դիմում են Պետական կոնսերվատորիա կամ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ կամ Դիզայնի ֆակուլտետ, իրենց համար քննությունները ներբուհական են լինելու, կազմակերպելու են ամեն բուհում, և դիմորդը արդեն էլեկտրոնային հայտագրումից հետո կտրոնն ուղղակի պետք է մոտեցնի բուհին։ Հայտագրումը նույն տեղով է լրացնելու, պարզապես կտրոնը ֆիզիկապես պետք է բուհին հանձնվի և բուհից ստանա քննաթերթիկը։ Գնահատման և թեսթավորման կենտրոնը քննաթերթիկներն ուղարկելու է դիմորդների և դպրոցների էլեկտրոնային հասցեներին։ Տպելու են, վերցնեն, գնան քննության։
Լրացուցիչ մրցույթը նախագծով նախատեսվում է հուլիսի 19-ից մինչև 26-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ ընթացքում ընդունող հանձնաժողովը կամփոփի առաջին փուլի արդյունքները, և արդեն լրացուցիչ փուլը թափուր մնացած տեղերի շրջանակում կլինի։
Դիմորդները էլի էլեկտրոնային եղանակով պետք է հայտագրեն այն մասնագիտությունները, որոնց մրցույթին ցանկանում են մասնակցել․ մինչև 6 մասնագիտություն՝ ավճար և վճարովի, այնտեղ, որտեղ թափուր է մնացել, և որտեղ պահանջվում է նույն քննությունները, միայն այդ պարագայում կարող են հայտագրել։ Լրացուցիչ քննություն հանձնելու հնարավորություն չի լինելու, ուղղակի իրենք պետք է փորձեն արդեն այլ մասնագիտություններ գրել այլ բուհերում՝ պայմանով, որ դրանք նույն քննությունների շրջանակում լինեն, և ըստ հերթականության հայտագրեն։
«Այստեղ մրցույթն անցկացվում է ոչ թե հայտերի հերթականության համաձայն, այլ ըստ միավորների։ Այսինքն, այլևս այդպիսի խնդիր չի լինի․ եթե, օրինակ, «իրավագիտություն» մասնագիտությունը լրացուցիչ փուլում հայտագրել ես 4-րդ հայտով, ընկերդ հայտագրել է 1-ին հայտով, եթե քո միավորները ավելի բարձր լինեն, դու կհավակնում ես այդ տեղին»,-բացատրեց Լուսինե Գրիգորյանը։
Փափոխություններից մեկն էլ այն է, որ, ի տարբերություն նախորդ տարիների, 3 քննության փոխարեն այս տարի նախատեսված է 2 մասնագիտական քննություն։
Ինչպես նշեցինք, սա դեռ նախագիծ է, որը դրված է հանրային քննարկման։ Այնպես որ, քանի ուշ չէ, պետք է մանրակրկիտ ուսումնասիրել և առաջարկներ ներկայացնել ԿԳՄՍՆ, որպեսզի հետո բացերի դեմ պայքարի միակ հարթակը չմնա փողոցը։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․