կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-10 13:57
Քաղաքական

Եռագույն ու խաչեր ամեն քայլափոխի. ի՞նչ փոխվեց պատերազմից հետո

Եռագույն ու խաչեր ամեն քայլափոխի. ի՞նչ փոխվեց պատերազմից հետո

Պատերազմից հետո երկիրը մի թիզաչափ էլ նեղացավ, փոխարենն ավելացան դրոշներն ու խաչերը, լայնացավ «Եռաբլուրն» ու ամեն հերոսի շիրիմ ունեցավ իր եռագույնը։ Պատերազմից հետո շատացան «Մոնթե» անունը կրողները, բայց ոչ Մոնթեի գործը շարունակողները։

Թշնամուն անցած հայկական 185 գյուղերն ու 7 քաղաքները դարձան մի թիզ, երբ հայն իր երկրում ծաղրեց ազգայինն ու հող չզիջողին անվանեց  «ոչմիթիզական»։

Երկիրը մի թիզաչափ էլ նեղացավ, երբ հողը դարձավ անմշակ չոլ, հայրենիքը՝ անբովանդակ տարածք, երբ հայն իր ձեռքով կառուցած տան մի անկյունն ավելորդ համարեց, քանդեց տան պատն ու խարխլեց տան հիմքը, իսկ հետո զարմացավ, թե ինչպես թշնամին նոր տանտեր դարձավ։ Երկիրը մի թիզաչափ էլ նեղացավ, երբ պատերազմի ժամանակ արցախցուն գրկաբաց ընդունած երևանցին նրան նորից «ղարաբաղցի» կոչեց, իսկ ռուս խաղաղապահին ռուսական դրոշով ողջունած ստեփանակերտցուն նախատեց հայ զինվորի թափած արյունն ու հայկական եռագույնն «ուրանալու» համար։

Հայրենիքը, տունն ու զավակներին կորցրած արցախցուն թուրքի հետ ապրելու ուղարկողն, իհարկե, չի մտաբերի այն ստեփանակերտցի կամ քաշաթաղցի դպրոցականներին, որոնք Հայաստանի դրոշը ձեռքներին ոտանավորներ էին ասում երևանցի Ադամ Սահակյանի մասին, ոգեկոչում Արցախյան  պատերազմում զոհված բոլոր հերոսներին՝ լինի հրազդանցի, թե գյումրեցի, մարտունեցի, թե մարտակերտցի։ Արցախցուն նախատողն, իհարկե, էլ չի հիշում այն շուշեցուն, որի դպրոցի պատից երբեք չէր էլ հանվի Հայաստանի դրոշը, եթե մի օր հայը թուրքի առաջ չբացեր Շուշիի դարպասները։ Իհարկե, նա արդեն մոռացել է Հադրութի շրջանի այն բնակավայրը, որը արցախցիներն անվանակոչել էին ի պատիվ էջմիածինցի լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի։ Այն բնակավայրը, որի համար այդքան ջահելներ զոհվեցին, որոնց արյունը դեռ չսառած՝ այստեղ՝ Երևանում, ոմանք արդարացնում էին, թե ինչպես ենք «26 տարի այլ պետության տարածք տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել», իսկ ոմանք էլ զարմանում, թե ինչպես կարող էինք  կորցնել Ջաբրայիլն ու թշնամուն թողնել Արաքսի հովիտը...

Պատերազմից հետո երկիրը մի թիզաչափ էլ փոքրացավ, փոխարենը սահմանամերձ դարձած Շուռնուխի բլրին բարձրացավ Հայաստանի դրոշը. այնպես, որ թուրքը լավ տեսնի...Շուռնուխի ամենաբարձր կետում տեղադրված եռագույնը մեծ է ու տարբերվող, բայց այն նույն իմաստն ունի, ինչ Գլենդեյլում կամ Կրասնոդարում բնակվող ցանկացած հայի տան պատից կախված հայկական դրոշը։

Արաբական աշխարհի ամենահզոր հայկական գաղթօջախներից մեկում՝ լիբանանյան Բուրջ Համուդում, ամեն քայլափոխի հայկական երկու հանրապետությունների դրոշներ են, «Ղարաբաղ» գրությամբ պաստառներ, հայկական անվանումներով փողոցներ: Այս թաղամասում արգելված են թուրքական ապրանքները, բեյրութահայերը խոսում են մաքրամաքուր հայերենով, պաշտում են պետականության խորհրդանիշներն ու Արազի երկու ափերին փռված երկու հայրենիքները։ Բուրջ Համուդի հայն ապրում է սիմվոլապաշտությամբ, որովհետև  խնդիր ունի արաբների մեջ հայ մնալու, թվաքանակով գերակշռող մուսուլմանների մեջ քրիստոնյա մնալու, ցեղասպանությունից մազապուրծ նախապապի պատգամը թոռներին հայերենով փոխանցելու... Իսկ մե՞նք՝ թուրքին դեռ երեկ հող զիջածներս, ու թուրքի քթի տակ նոր դրոշ բարձրացնողներս ի՞նչ ենք ուզում։

Քայլում եմ Երևանում ու վախենում նոր թափ առած սիմվոլապաշտությունից, վախենում իմ երկրում հայ մնալու պարադոքսից,  վախենում Շուշին ադրբեջանական համարողների հետ նույն երկրում, նույն քաղաքում, գուցե նաև նույն թաղում ապրելու բարդույթից։

Վախենում եմ առաջ նայելուց, վախենում եմ պատկերացնել, որ այսուհետ մայիսի 9-ին Երևանում դրոշներ կբարձրանան ոչ թե Եռատոնի, այլ արդեն կիսատոնի առթիվ։ Վախենում եմ նաև հետ նայելուց. վախենում եմ այն մարդկանց հայացքներից,  որոնք կես տարի առաջ զարմանքով նայում էին անկախության տոնին եռագույնով ու գերբով շապիկ կրող՝ իմ մի տարին դեռ չբոլորած դստերն, ու ինձ ստիպում կասկածել, որ անկախ երկրում ապրելը մեղք է։ Ես վախենում եմ ներկայից, որովհետև մեր ինքնիշխանությունից «մի թիզ» զիջած իշխանություններն ամեն պահի կարող են իմ ու ուրիշների երեխաներից խլել մեր անկախությունն ու էլի մի թիզ զիջել մեր սուվերենությունից ու երկրից։ Վախենում եմ իրենց ընտրությունից ոչ մի թիզ հետ չկանգնող «անսխալականներից», վախենում եմ արխայինությունից ու անտարբերությունից, վախենում եմ օր օրի ավելացող ատելության չափաբաժնից, վախենում եմ թույնից ու թույլերից, վախենում եմ այսօրվա Հայաստանից…

Թագուհի Մելքոնյան