կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-10 00:03
Քաղաքական

Փաշինյանը Գավառում դպրոց է մտել դիմակավորված և զինված ոստիկաններով․ աշակերտները վախեցել են

Փաշինյանը Գավառում դպրոց է մտել դիմակավորված և զինված ոստիկաններով․ աշակերտները վախեցել են

Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին այցելել էր Գավառ քաղաք, շրջել Հացառատ թաղամասում նորաբաց թիվ 2 դպրոցով։ Ուշագրավ է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանի Գավառ այցելությունը ահաբեկել է թե՛ բնակիչներին, թե՛ աշակերտներին։

Նիկոլ Փաշինյանից առաջ դպրոց են այցելել ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, հարցաքննել են ուսուցչական կոլեկտիվին, ծայրեծայր խուզարկել ամբողջ դպրոցը։ Եթե դպրոցի խուզարկությունը անգամ պրոտոկոլի մեջ է մտնում, ապա ուսուցիչներին հարցաքննելը, հաստատ, ոչ։

Նիկոլ Փաշինյանը Գավառ է այցելել, մեզ փոխանցած տեղեկություններով, հազարների հասնող ոստիկանների ուղեկցությամբ։ Ոստիկաններ ու ոստիկանական մեքենաներ են եղել ամենուր՝ քաղաքի մեջ, Հացառատ թաղամասի՝ դպրոցից ոչ հեռու գտնվող անտառում, բարձունքների վրա, բոլոր անկյուններում, որտեղ հնարավոր է։ Քաղաքացիները նկատել են բազմաթիվ դիպուկահարների, որոնք անգամ ծառայությունը գաղտնի իրականացնելու համար ջանք չեն թափել։

Իսկ ամենից ուշագրավը դպրոց այցն է։ Նիկոլ Փաշինյանի լրատվական ծառայությունը տարածեց լուսանկարներ, թե ինչպես է նա մտնում դասարաններ, մարզադահլիճ և այլն, շրջում է դպրոցով և զրուցում աշակերտների հետ։ Իրականում Փաշինյանը դպրոց է մտել գլուխները դիմակով ծածկած և ավտոմատներով զինված հատուկջոկատայինների հետ։ Երեխաները ահաբեկվել են այդ տեսարանից։

Գավառում մարդիկ զարմացել և ամենուր դրանից են խոսում, թե որքան է Փաշինյանը վախենում իր կյանքի համար և որ երբեք որևէ ղեկավար այդքան շատ «ախրաննիկներով» իրենց «մի թիքյա» գյուղ չի եկել։

Փաշինյանը նախապես չհայտարարված այս այցից շուրջ 3 րոպե տևողությամբ մոնտաժված հոլովակ էր գցել, այնինչ նա նախկիններում ուղիղ եթերով լուսաբանում էր իր այցը։

Ի դեպ, Փաշինյանը մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ խոսեց մարզում դպրոցաշինությունից և այլ ծրագրերից ու Գավառ քաղաքի թիվ 2 դպրոցի նորոգումը ներկայացրեց որպես իրենց իշխանության ձեռքբերում։ Այնինչ այս դպրոցը սկսել են կառուցել Կարեն Կարապետյանի օրոք, իսկ Փաշինյանի իշխանության գալուց հետո շուրջ երկու տարով աշխատանքները երկարաձգվել են, դպրոցի բացումը՝ մի քանի անգամ հետաձգվել։

Աղբյուրը՝  Yerevan.today