կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-05 17:53
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սաղաթելյանին ձերբակալել են, որպեսզի հաճոյանան ադրբեջանական իշխանություններին․ Արթուր Վանեցյան

Ֆեյք օգտատերեր որսալը Ազգային անվտանգության ծառայության գործառույթի մեջ չի մտնում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը դատարանի դիմաց, որը քննում էր Արա Սաղաթելյանի գործը՝ կապված ֆեյք օգտատեր Գագիկ Սողոմոնյանի հետ։

Նա նշեց, որ եթե գրառումների մեջ չկան հստակ տարրեր, որոնք կպարունակեն հանցակազմ, ուղղակի որսալ ցանկացած որևէ մեկի, որը գրում է մտքեր, որոնք հաճո չեն իշխանությանը, դեպի բռնապետության տանող առաջին քայլերից է։

«Անանուն հանդես գալը և մտքեր հայտնելը մարդու իրավունքների հիմնարարար սկզբունքներից է, որը խախտել ուղղակի չի կարելի»,- նշեց Վանեցյանը։

Նրա խոսքով՝ որևէ հիմնավոր ապացույց չկա, որ Արա Սաղաթելյանը կապ ունի «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյք օգտատիրոջ հետ, նա հետապնդվում է քաղաքական հայացքների համար։

«Փաստաբաններից տեղեկացել ենք, որ պարոն Սաղաթելյանի տնից և աշխատավայրից առգրավված բոլոր էլեկտրոնային սարքերը անցել են փորձաքննություն, և որևէ ապացույց չի ստացվել, որ պարոն Սաղաթելյանը կապ ունի այդ ֆեյք օգտատիրոջ հետ։ Ընդհանրապես, ֆեյսբուքում որևէ օգտատիրոջ հայտնաբերելու համար կա շատ պարզ մեխանիզմ՝ հարուցվում է քրեական գործ, հարցում է ուղարկվում Ֆեյսբուք սոցիալական ցանցի գլխամասին, և այդ գլխամասից պաշտոնապես պատասխանում են, թե այդ օգտատերը ինչ IP հասցեներից է մուտք գործել, և այդ ապացույցը կլինի անհերքելի»,- պարզաբանեց Արթուր Վանեցյանը։

Նա վստահեցրեց, որ Արա Սաղաթելյանը երբևէ չի թաքնվել ինչ-որ մեկի ետևում՝ իր կարծիքը բարձրաձայնելու համար։ Վանեցյանը կասկած ունի, որ Սաղաթելյանին ձերբակալել են, որպեսզի հաճոյանան ադրբեջանական իշխանություններին։

«Այս ձերբակալումը նաև ունեցավ դրական մի կողմ, որովհետև շատ-շատերը, որոնք չէին ճանաչում Ադրբեջանի նկատմամբ հակաքարոզչություն իրականացնող մարդուն, ճանաչեցին։ Արա Սաղաթելյանն իր գործունեության ընթացքում եղել է այն մարդկանցից, որոնք գտնվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների և Ադրբեջանի նախագահի ուշադրության կենտրոնում՝ վատ առումով, որովհետև Արա Սաղաթելյանի գործունեության արդյունքում փլուզվել են ադրբեջանական քարոզչամեքենայի շատ թեզեր։ Այսօր ինչ կատարվում է մեր երկրում հիմք է տալիս ենթադրելու, որ, հնարավոր է,  պարոն Սաղաթելյանին ձերբակալել են, որպեսզի հաճոյանան ադրբեջանական իշխանություններին։ Չունենք նման փաստեր, բայց այն երևույթները, որոնք վերլուծում ես, նման ենթադրություն կարելի է անել»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նաև վստահ է, որ ներկայիս իշխանություններն ի զորու չեն լուծելու գերիների վերադարձի հարցը։

«Իշխանափոխության դեպքում նոր իշխանությունը կկարողանա արդեն նոր դիրքերից խոսել Ադրբեջանի հետ, և մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի վերադարձնել մեր գերիներին։ Կեղծ պնդումները այս իշխանությունները տարածում են՝ ասելով, որ գերիների վերադարձին խանգարում են «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիաները, որպեսզի որևէ կերպ կարողանան իրենց անկարողության մեղքը բարդել որևէ մեկի վրա։ Եթե մենք ետ գնանք 2,5 տարի և նայենք այս իշխանության կառավարման որակը, նրանք որևէ ոլորտում հաջողության չեն հասել, ապացուցել են, որ չունեն աշխատելու ունակություններ»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Նա հիմնազուրկ որակեց Անդրանիկ Քոչարյանի պնդումը, թե ինքը ազդեցություն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի վրա։

«Այո՛, Ռուբեն Վարդազարյանն իմ ընկերն է, ես շատ հպարտ եմ, որ ունեմ  նման ընկեր։ Ռուբեն Վարդազարյանի հետ, ցավոք սրտի, աշխատանքիցս ազատվելուց հետո գրեթե չեմ շփվել մեկ պատճառով՝ որ չշահարկվի իմ և պարոն Վարդազարյանի շփումները։ Բայց պարոն Վարդազարյանի պահվածքն Ազգային ժողովում գովասանքի է արժանի։ Ես կասկածում եմ, որ կկարողանայի Ռուբեն Վարդազարյանին փոխարեն լինելու դեպքում տիրապետել ինձ։ Պարոն Վարդազարյանը ցուցադրեց բարձր կամային հատկություններ, զսպվածություն»,-արձանագրեց Արթուր Վանեցյանը։

Նա հպարտ է, որ այսօր դատական իշխանության գլխին կանգնած է Ռուբեն Վարդազարյանի նման պրոֆեսիոնալ և սկզբունքային մարդ։