կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-26 13:46
Աշխարհ

Բայդենի հրամանով՝ ԱՄՆ–ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանամետ խմբավորումների թիրախներին

Բայդենի հրամանով՝ ԱՄՆ–ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանամետ խմբավորումների թիրախներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրահանգով՝ ավիահարվածներ են հասցվել Սիրիայում իրանամետ խմբավորումների թիրախներին: Այս մասին ասվում է Պենտագոնի հասարակայնության հետ կապերի ղեկավարի օգնական Ջոն Քիրբիի հայտարարության մեջ:

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանձնարարությամբ՝ զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում՝ իրանամետ զինված խմբավորումների կողմից օգտագործվող ենթակառուցվածքներին: Հարվածները պատասխանն էին Իրաքում Միացյալ Նահանգների և կոալիցիայի ներկայացուցիչների դեմ վերջերս կատարված հարձակումների, ինչպես նաև նրանց ուղղված սպառնալիքների,- ասվում է հայտարարության մեջ:- Հարվածները ոչնչացրել են մի քանի օբյեկտներ, որոնք գտնվում էին անցակետում, որն օգտագործում էին բազմաթիվ իրանամետ խմբավորումներ, այդ թվում՝ «Քաթաիբ Հըզբոլլահը» և «Քաթաիբ Սայիդ ալ Շուհադը»:

Ըստ Քիրբիի՝ այս համարժեք ռազմական պատասխանը տրվել է դիվանագիտական միջոցառումների հետ մեկտեղ, ներառյալ՝ կոալիցիայի գործընկերների հետ խորհրդակցությունները: «Միևնույն ժամանակ, մենք գործեցինք ճշգրտված ձևով՝ ձգտելով լիցքաթափել իրավիճակը Սիրիայի հյուսիսում և Իրաքում։ Գործողությունը հստակ ազդանշան է, որ նախագահ Բայդենը կպաշտպանի ԱՄՆ-ի ու կոալիցիայի ծառայողներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտնում է, որ ԱՄՆ օդային հարվածի արդյունքում 17 իրանամետ զինյալներ են զոհվել: