Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան վերջին պատերազմից հետո ներկայիս ազգադավ իշխանությունները հաճախ ենք հնչեցնում հակահայկական և ադրբեջանամետ բարբաջանքներ, որոնց նպատակը Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ բարիդրացիական վերաբերմունք ձևավորելը, հայ ազգայինը թիրախավորելը, ազգայնականության վրա մի շարք դժբախտություններ բարդելն է և այլն։
Ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին ԱԺ–ում կասկածի տակ էր դրել թշնամուն հանձնված բերդաքաղաք Շուշիի հայկական լինելը, իսկ իշխանական խմբակցության պատգամավորներից ոմն Անուշ Բեղլոյան՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ տեսակոնֆերասի ժամանակ հայտարարել էր, որ պետք չէ վերադառնալ այն քննարկմանը, թե ով է պատերազմը սկսել, կամ ում է պատկանում Արցախը։ Դրանից ժամեր անց էլ նույն Բեղլոյանը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում «պատահաբար» Շուշին անվանեց «Շուշա»։
Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկող իշխանությունները, որոնց կազմում բազմաթիվ են օտար ՀԿ–ների (որոնք հանրության մեջ ավելի շատ հայտնի են «սորոսական հիմնադրամներ» անվամբ) ներկայացուցիչները, դեռևս պատերազմից առաջ իրականացրել և խրախուսել են ապազգային և ադրբեջանասիրական քաղաքականություն։
Այստեղ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ 2019 թ. հուլիս ամսին «Սոցիոսկոպ» ՀԿ–ի կողմից կազմակերպվել էր բանախոսություն՝ նվիրված ՀՀ տարածքում ադրբեջանական երբեմնի ներկայության վերհանմանն ու արժևորմանը, հայ–ադրբեջանական երբեմնի համատեղ գոյակցությանը և այլն։
Նախ նշենք, որ «Սոցիոսկոպը» ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամից սնվող ՀԿ է. վերոնշյալ հասարակական կազմակերպությունը զբաղվում է ՀՀ–ում ԼԳԲՏ համայնքի խնդիրների, ազգի, մշակույթի, ազգայնականության, պահպանողականության գաղափարների քննադատությամբ և քննարկմամբ։
Վերոնշյալ բանախոսությունը կոչվում էր «Հայաստանի Հանրապետությունը հիշողության և մոռացության միջև. ադրբեջանական գործոնը Հայաստանի երրորդ հանրապետության հիշողության քաղաքականության համատեքստում». բանախոսը Լուսինե Խառատյանն էր՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի դուստրը։
Բանախոսությունը նվիրված էր ՀՀ տարածքում ԽՍՀՄ և դրանից առաջ ապրած ադրբեջանցիների թողած հիշողությանը, նաև՝ մշակութային, այդ հիշողության մոռացությանը Հայաստանի երրորդ հանրապետության տարիներին։ Բանախոսության ընթացքում Խառատյանն ամեն կերպ փորձում է ցույց տալ հայ–ադրբեջանական երբեմնի խաղաղ գոյակցությունը, դրա հնարավորությունը նաև ներկայումս (օրինակ՝ նշել է, որ Մեղրիի գյուղերից մեկում՝ Լեհվազում, երիտասարդ սերնդի ներկայացուցիչները փորձել էին հեռացնել Հայրենական պատերազմի զոհերին նվիրված՝ գրեթե ամբողջապես ադրբեջանական ազգանուններով հուշարձանը, սակայն տարեց գյուղացիներն արգելել են դա անել)։
Ելույթում Խառատյանը նաև անդրադառնում էր Մեղրիի շրջանի այլ՝ երբեմնի ադրբեջանաբնակ բնակավայրերին, դրանցում առկա հուշարձաններին՝ ընթացքում պատմելով նաև հայ–ադրբեջանական խաղաղ գոյակցության մասին (այստեղ Սյունիքի և հատկապես Մեղրիի թեման շեշտվում է ներկայումս էլ ավելի զգայուն լինելու պատճառով՝ կապված ադրբեջանական հավակնությունների և Սյունիքի հարցում իշխանությունների հակապետական գործունեության հետ)։
Խառատյանը նաև հեգնում է, որ անկախացումից հետո Հայաստանում ադրբեջանական տեղանունները և նախկին տարածքները մտածված փոխվել են ազգայնական քաղաքականության պատճառով. օրինակ՝ նախկին Բաքվի փողոցը անվանակոչվել է Արցախի փողոց, իսկ Արաբկիրում ադրբեջանական թատրոնի շենքը հետագայում դարձել է Երևանում Արցախի պաշտոնական ներկայացուցչության շենքը։
Լուսինե Խառատյանի մայրը՝ Հրանուշ Խառատյանը, դեռևս 2020 թ. նոյեմբերի 30-ին՝ ռազմական գործողությունների ավարտից օրեր անց, այցելել էր Սյունիք, փորձել սյունեցիների հետ զրուցել հայ–ադրբեջանական հարաբերությունների, ադրբեջանցիների «բարի» լինելու և այլ ապազգային թեմաների շուրջ, սակայն սյունեցիները, նրան հայհոյելով, ճանապարհել էին։
Ի դեպ, Հրանուշ Խառատյանը Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ է, նաև թանգարանի տնօրեն Հարության Մարությանի հետ ստեղծել է «Հազարաշեն» ՀԿ–ն, որը Թուրքիայի հետ ծրագրեր է իրականացրել, և 2020 թ. ապրիլի 24-ին «տարօրինակ» կերպով «Հիշում և պահանջում եմ» կարգախոսից անհետացավ «պահանջում եմ» հատվածը։
Խառատյանների ընտանիքից մյուսը՝ Արսեն Խառատյանը՝ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը, նույնպես հայտնի է իր ապազգային գործելաոճով. Արսեն Խառատյանը գրել էր, որ պատրաստ է «ներել թուրքին» (Հայոց ցեղասպանության համար), նաև իրականացրել է Արցախյան հիմնախնդրի հարցով ՀՀ ներկայիս իշխանությունների և ադրբեջանական իշխանությունների գաղտնի կապը։
Փաստացի, և՛ իշխանությունները, և՛ մերձիշխանական շրջանակները Հայաստանում Ադրբեջանի շահերը սպասարկող ուժեր են՝ իրենց «խաղաղասիրական» նախաձեռնություններով։ Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի, ոչ միայն չի իրականացվում «խաղաղասիրական» կեղծ քարոզ, ընդհակառակը՝ Ադրբեջանն էլ ավելի հուժկու է դարձնում հայատյացությունը երկրի ներսում, իսկ ՀՀ տարածքների նկատմամբ ախորժակն աստիճանաբար մարմին է ստանում։