ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:
-Նախ պետք է ասեմ, որ այնքան էլ համաձայն չեմ, որ Իսկանդերը չի կիրառվել, մամուլում եղավ, և ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ Իսկանդերը կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ:
-Ես դրա համար ասացի՝ թշնամու պետության տարածքի ուղղությամբ:
-Այո, տարածքը, ուրիշ բան: Իսկ թե ինչո՞ւ չի կիրառվել, ես հարյուր տոկոսով չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ չի կիրառվել` վախենալով պատասխան հարվածից: Այսինքն, Հայաստանի որ տարածքից կրակեր, միգուցե այդ տարածքին էլ հակահարված կլիներ:
-Նմանատիպ հեռահարությամբ մեգահրթիռո՞վ:
-Մեկ այլ հրթիռով, ոչ նմանատիպ հեռահարությամբ, ոչ նմանատիպ ճշգրտությամբ, բայց գիտես, երբ պատերազմի ժամանակ ունենում ես դու շատ մտավախություններ, վերջը հասնում ես այս օրին: Իսկ Իսկանդերը պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում և այլ հատվածներում, Իսկանդերը հենց դրա համար է: Բայց մյուս թեզն էլ, կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ, երբ ասում են՝ մեր այլ միջոցներ չեն կիրառվել Ադրբեջանի տարածքի նկատմամբ, հիշում եք, որ պարծենկոտ մեկը ասում էր, որ ինքն է հրաման տվել հօդս ցնդեցնել Կիրովաբադի օդանավակայանը:
-Պարզվեց՝ սուտ է:
-Բայց իրականություն է, որ Կիրովաբադի վրա կրակվել է:
-Քաղաքի բնակելի թաղամասի:
-Ինչը մեծագույն հիմարություն է, ես չեմ հասկանում այդ մարդկանց գործողությունները:
-Միջազգային հանրությունը մեզ սկսեց դատապարտել դրանից հետո:
-Իհարկե, պետք է դատապարտի, ոչ միայն միջազգային հանրությունը սկսեց դատապարտել, այլ դրանից հետո սկսեց անխնա թիրախավորել Ստեփանակերտն էլ, Մարտունին էլ: Ես չեմ ասում, որ մինչ այդ Ստեփանակերտի վրա չէին կրակել, բայց այդ կրակը ուղղված էր երկու թիրախների վրա` մեկը Պաշտպանության բանակի շտաբն էր և երկրորդ` էլեկտրակայանը: Սա է, իհարկե պետք էր կիրառել, բա ինչի՞ համար էինք ձեռք բերել: Եվ ընդհանրապես, այդ հավաստիացումները՝ միջազգային հանրության, ո՞ւմ էին պետք, ես չեմ ասում, որ առաջին թիրախը պետք է լիներ գազատարները, նավթատարը և այլն, բա այդ Իսկանդերը ինչի՞ համար ենք վերցրել, ինչի՞ համար ենք բերել, որ անհրաժեշտ պահին մենք չենք կիրառում:
-Պայմանավորվածություն է եղել չկրակելու, կարծո՞ւմ եք:
-Չեմ կարծում, որ պայմանավորվածություն է եղել:
-Վախեցել են գործարկել դա:
-Եթե հիշում եք, որ պատերազմի հինգերորդ-վեցերորդ օրը էլի ինչ-որ այսպես ասած «ուտկաներ» էին պտտացնում, իբր Իսկանդերը մերը չէ, կառավարման համակարգը ուրիշ տեղ է: Դա տգիտություն է, Իսկանդերը մերն է, մենք միակն ենք, ում մեր դաշնակիցը տրամադրել է այդպիսի զենք և չկիրառել դա, ես չեմ հասկանում: Այնքան հարցեր կան, որ ինձ համար ուղղակի մի կողմից տարօրինակ են, մյուս կողմից՝ չգիտեմ, այլ մտքերի են տանում:
-Հայկական Շուշին խոցել մեր Իսկանդերով, պարո՛ն նախագահ, սա կարո՞ղ է տեղավորվել մեր բանականության մեջ, եթե անգամ քաղաքը թողնված է, թեև մենք հստակ տվյալ չունեինք՝ ո՞ր օրվա և պահի դրությամբ ենք մենք լքել քաղաքը:
-Արդեն այդ մասին բազմաթիվ անգամ խոսվել է, կապիտուլյանտը ամսի 9-ին է գրել, որ Շուշիի համար մարտեր են ընթանում, իսկ արդեն ամսի հինգի գիշերը Շուշին արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ էր: Երբ դրանից գրում են, որ համառ մարտեր են ընթանում Շուշիի համար և այլն, դա ուրիշ բան էր նշանակում, որ մերոնք փորձում էին հետ գրավել Շուշին, դա էլ է ինձ համար տարօրինակ, քանի որ հետ գրավելը տասը անգամ ավելի դժվար է, քան պաշտպանելը: Ինչո՞ւ չպաշտպանեցինք և հետո ինչո՞ւ այդքան զոհեր տվեցինք, և, ընդ որում, այդ փորձերի ժամանակ, այսպես ասած՝ համառ մարտերի ժամանակ մենք ունեցել ենք հարյուրավոր զոհեր և շատ դեպքերում անհասկանալի: