կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-25 21:17
Քաղաքական

Ճգնաժամը չի որոշվում փողոցում մարդկանց քանակով․ Արմեն Սարգսյան

Ճգնաժամը չի որոշվում փողոցում մարդկանց քանակով․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը ծավալուն հարցազրույց է տվել՝ անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին, վարչապետի հրաժարականի վերաբերյալ իր հայտարարությանը, իր հասցեին հնչող մեղադրանքներին։

Նա մասնավորապես խոսել է երկրում առկա ճգնաժամի եւ փողոցում եւ Ազատության հրապարակում հավաքվող մարդկանց թեմայի մասին։

«Այդ ճգնաժամը չի որոշվում փողոցում մարդկանց քանակով: Կարծում եմ՝ Հայաստանում մենք ունենք իրապես խորը ճգնաժամ, և թե ինչու փողոցում 100 կամ 200 հազար մարդ չկա, պարզ վերլուծությամբ կարող ենք հասկանալ: Սակայն ունենք ճգնաժամ ոչ միայն Հայաստանում. ընդհանրապես, ողջ հայ ժողովրդի համար բարոյահոգեբանական խորը կորստի ճգնաժամ է․․․․»։

Նա անդրադարձել է իր՝ վարչապետ դառնալու մասին լուրերին․ «Հանրապետության նախագահը շատ անելիք ունի և չի մտածում վարչապետ լինելու մասին, պատրաստ է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած կառավարության և վարչապետի հետ աշխատել և իր ներդրումը բերել: Իմ խնդիրը ուրիշ տեղ է: Ես կարծում եմ, որ իմ պոտենցիալի ընդամենը 5, 10 տոկոսն եմ կարողանում օգտագործել իմ երկրի համար՝ լինի դա սահմանադրական սահմանափակումների պատճառով, լինի դա համագործակցության հանդեպ իմ գործընկերների ոչ բաց լինելու պատճառով․․․

․․․Հիմնական պատճառները սրանք են, կարծում եմ՝ շատ ավելին կարող եմ անել և՛ միջազգային հարաբերութուններում, և՛ միջազգային տնտեսական, և՛ ներդրումային, և՛ մշակութային, և՛ դիվանագիտության ոլորտներում, բայց անում եմ շատ քիչ: Դա ինձ համար բավականին ծանր է, որովհետև ուզում եմ աշխատել, իհարկե, աշխատում եմ, բայց կարծում եմ՝ շատ ավելին կարող եմ անել»:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին ասել է․ «Մենք խորհրդարանական երկիր ենք և եթե ճգնաժամեր ունենք, ապա լուծումները բավականին պարզ են և հստակ, աշխարհում նորություն չեն: Վաղաժամկետ ընտրություններ պետք է լինեն: Ընտրությունները 2 տարի առաջ են եղել, այսօրվա իշխանությունն Ազգային ժողովում և կառավարությունում այդ մանդատը ստացել է 2 տարի առաջ: 2 տարի առաջվա Հայաստանը և այսօրվա Հայաստանը տարբեր են:

Չեմ ասում նորից մանդատ կստանան, թե չէ: Ժողովուրդը կորոշի: Բայց սովորություն է, որ պետք է նորից հետ գնաս մանդատդ թարմացնես, ինչից հետո լրացուցիչ 4-5 տարի ունես, այլ ոչ թե մնացած 2-3-ը: Երկրորդը՝ ընդդիմությունը փողոցից պետք է գնա մասնակցի ընտրությունների: Եվ, իհարկե, այդ ժամանակի ընթացքում պետք է լինի կառավարություն, որին շատերը պետք է վստահեն՝ կամ ազգային համաձայնության, կամ տեխնոկրատ, ինչպես ուզում եք անվանեք: Պետք է լինի հստակ ծրագիր, որը դրված կլինի սեղանին նույն ժամանակավոր կառավարության համար, որ մարդիկ պատրաստ լինեն այդ ժամանակավոր, մեկ կամ կես տարվա ընթացքում աշխատեն նվիրումով և ծառայեն իրենց հայրենիքին: Դա կոչվում է ճանապարհային քարտեզ»: