կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-09 12:25
Հասարակություն

Պատերազմի ընթացքում Արցախի ոստիկանությունն ունեցել է 11 զոհ, ԱԻՊԾ-ն՝ 4. Արցախի ՆԳ նախարար

Պատերազմի ընթացքում Արցախի ոստիկանությունն ունեցել է 11 զոհ, ԱԻՊԾ-ն՝ 4. Արցախի ՆԳ նախարար

Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է գերատեսչության ստեղծման անհրաժեշտությանը, նորաստեղծ  համակարգի անելիքների առաջնահերթությանն  ու պատերազմի ընթացքում  կողոպուտի դեպքերի  բացահայտմանն ուղղված  միջոցառումներին վերաբերող հարցերին:

-Պարոն նախարար, ինչպիսի՞ հրամայականներով  էր պայմանավորված Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ոստիկանության միավորումը նախարարության կազմում:

-Գիտեք, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ոստիկանության գործառույթները որքան տարբեր, նույնքան և միտված են երկրի ներքին անվտանգության ապահովմանը: Հատկապես հետպատերազմյան իրավիճակում, Արցախի և մեր հայրենակիցների անվտանգության պատշաճ ապահովումը նաև ներքին գործերի նախարարության պատասխանատվության ներքո է: Որպես գերատեսչության նորանշանակ ղեկավար, ես հետևողական եմ լինելու՝ մեր առջև դրված խնդիրների անվերապահ կատարմանը: Կառույցների միավորումը որևէ այլ հրամայական չունի, բացի Արցախի պես երկրում մեր հնարավորություններն  առավել  օպտիմալացնելը: 

 

-Արդարադատության նախարար Կարեն Դանիելյանն Ազգային ժողովում նշել էր, որ ներքին գործերի նախարարության ստեղծումը պայմանավորված է պատերազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում պետական կառավարման համակարգի օպտիմալացմամբ  ու  արդյունավետության, հաշվետվողականության բարձրացմամբ: Հանրության շրջանում առավել քննարկվողը, թերևս,  օպտիմալացման թեման է: Ձեր ղեկավարած  համակարգում օպտիմալացում սպասվո՞ւմ է: Ի՞նչ ձևաչափով:

-Ամեն դեպքում օպտիմալացումը պարտադիր է, բայց թե ինչ ձևաչափով կկատարվի, սա դեռևս քննարկման փուլում է: Անկեղծ կլինեմ. կադրային քաղաքականությունը երկու օղակում էլ վերանայման կարիք ունի:

-Հաշվետվողականության բարձրացումը համակարգի գործունեության ո՞ր հատվածին է վերաբերելու:

-Հաշվետվողականությունը վերաբերելու է անխտիր բոլոր ստորաբաժանումներին՝ թե ոստիկանությանը,  թե արտակարգ իրավիճակների ծառայությանը: Նոր պաշտոնը ստանձնելուց հետո, այժմ ընտելանում եմ Ոստիկանությանը, թեպետ, համակարգին ծանոթ եմ երկու կառույցների (ԱԻՊԾ) միջև ձևավորված միջգերատեսչական համագործակցությունից:

-Ինչպիսի՞ խնդիրներ եք նկատում և ի՞նչ անելիքներ, ծրագրեր եք նախատեսում՝ ինչպես արտակարգ իրավիճակների պետական ծառայության, այնպես էլ՝  ոստիկանության համակարգերում:

-Ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների ծառայությունը բավականին կայացած կառույցներ են, որոնք նախապատերազմական և պատերազմական շրջանում իրենց դրսևորել են արժանապատվորեն: Պատերազմից հետո անելիքները, բնականաբար, շատացել են, ըստ երևույթին, այդպես լինում է բոլոր պատերազմող երկրներում: Այժմ, համատեղ թիմային աշխատանք է պահանջվում՝ վերստին ոտքի կանգնելու,  և ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ:

-Պատերազմի ընթացքում մարդկային ու նյութատեխնիկական ինչպիսի՞ կորուստներ են կրել Արցախի փրկարարական և ոստիկանական համակարգերը:

-Ռազմագործողություններին իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել ոստիկանության և Արտակարգ իրավիճակների ծառայության հավաքական վաշտերը: Ընդ որում, ԱԻՊԾ-ն՝ մի քանի ճակատում: Ցավոք, կորուստներն անխուսափելի էին: Մարդկային 11 կորուստ և 3 տասնյակից ավելի վիրավոր է տվել ոստիկանությունը, 4 զոհ և 17 վիրավոր՝ ԱԻ ծառայությունը: Բացի այդ, ծառայությունները կրել են նաև նյութատեխնիկական վնասներ: Ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների ծառայության վարչական շենքերը՝ «Սմերչ» և «Գրադ» կայանքներից արձակված հրթիռներից, մասնակի վնասվել են: Այս փուլում վերանորոգման-վերակառուցման աշխատանքներ են տարվում:

-Ներկայում մասնագիտական ներուժի և նյութատեխնիկական բազայի համալրման կարիք զգացվո՞ւմ է երկու համակարգերում: Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել խնդիրը:

-Սկսեմ վերջից. պետական և բարեգործական աջակցությամբ, ինչպես նաև ՌԴ քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության կողմից, ծառայությունների նյութատեխնիկական բազան համալրվել է նոր մեքենաներով և հատուկ փրկարարական տեխնիկաներով: Առիթը բաց չթողնելով, իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր այս դժվար օրերին Արցախի կողքին են: Անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ երկու կառույցներում արդեն նշանակվել են պատասխանատու ղեկավարներ: Ես հետևողական եմ լինելու, նրանց՝ պարտականությունների բարձր մակարդակով  կատարմանը:

-Հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում նկատելի է ավտոճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներով և երբեմն նաև մարդկային զոհերով ուղեկցվող պատահարներ:Այս ուղղությամբ ինչպիսի՞ աշխատանքներ են նախատեսվում:

-Ոչ միայն ճանապարհատրանսպորտային պատահարների, այլ նաև ընդհանուր առմամբ հակաօրինական ցանկացած երևույթ,  անձամբ ես բացառում եմ և  այդ ուղղությամբ կատարում նաև կտրուկ քայլեր: Ինձ համար, որպես ներքին գործերի նախարարի, առաջնայինը կլինի այն, որ օրենքն Արցախում հավասար լինի բոլորի համար: Առաջիկայում, կարծում եմ,  կնկատեք ոլորտներում տեղի ունեցող  բարեփոխումները:

-Պատերազմի ընթացքում  կատարված  մանր ու խոշոր կողոպուտների դեպքերի վերաբերյալ ևս բարձրաձայնումներ եղան: Դրանց հետևանքով տուժել են ինչպես պետական ենթակառուցվածքներ, այնպես էլ անհատ քաղաքացիներ: Ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում ու նախատեսվում այս դեպքերի բացահայտման և թալանված գույքի վերադարձման ուղղությամբ:

-Ոստիկանության հերթապահ մասում ստացված հաղորդագրությունների և դիմումների մասով, արդեն իսկ, ընթացք են տրվել և հարուցվել են քրեական գործեր: Կատարված հանցագործությունների մի մասը բացահայտված է, մի մասը՝ հետաքննության փուլում է:  Կատարվում են նաև ուսումնասիրություններ: Յուրաքանչյուր հանցագործության կտրվի համապատասխան գնահատական և մեղավորներն անվերապահորեն կպատժվեն օրենքով սահմանված կարգով:

-Ձեր ղեկավարությամբ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ինչպես պատերազմական, այնպես էլ՝ հետպատերազմական ժամանակահատվածում, իր կոչման բարձունքում էր: Այս ամբողջ ընթացքում փրկարար ծառայության կողմից իրականացվող առավել քան նկատելի է, այն բարդագույն աշխատանքը, որը կենսական նշանակություն ունի մեր ժողովրդի համար պատերազմի ծանր հետևանքները հաղթահարելու գործում:  Ինչպե՞ս  և ինչի՞ շնորհիվ է հաջողվում իրականացնել  բազմաթիվ վտանգներ պարունակող, բարոյահոգեբանական  ուժեղ բացառիկ հատկանիշներ պահանջող  մարդասիրական առաքելությունը:

-Նախ շնորհակալ եմ փրկարարի անտրտունջ աշխատանքը նկատելու համար: Կարծում եմ, ցանկացած աշխատանք կհաջողենք, եթե ունենանք թիմային մտածողություն, սրտացավություն և նվիրվածություն: Այս առումով, ԱԻ պետական ծառայությունն իսկապես անգերազանցելի է: Վստահեցնում եմ, որ ոստիկանության համակարգը ևս,  շատ շուտով,  էլ ավելի կվայելի հանրության վստահությունն ու հարգանքը: