կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-05 15:25
Հասարակություն

«Բարդակ»՝ Կադաստրի կոմիտեում. հինը «մերժել են», իսկ նորը չկա

ՀՀ Կադաստրի կոմիտեում, բառի բուն իմաստով, քաոս է: Այս օրերին համատարած կերպով կասեցվում են գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթները: Ավելի պարզ լեզվով ասած՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք տուն են կառուցել ձեռք բերված հողատարածքներում, անցել են օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, կատարել վճարումները և ուզում են ստանալ սեփականության իրավունքի  վկայականներ, Կադաստրի պետական կոմիտեում փաստի առաջ են կանգնում՝ գործընթացը կասեցնում են:

Պատճառաբանությունը, ուշադրություն, հետևյալն է՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել, սակայն դեռևս ուժի մեջ չեն մտել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնց՝ ուժի մեջ մտնելուց հետո նոր միայն քաղաքացիները կարող են դիմել իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

Մեր հարցին՝ մինչ Նախագահի՝ նոր օրենքը ստորագրելը, տրամաբանական չէ՞, որ քաղաքացիներին սպասարկեն գործող օրենքով, այլ ոչ թե մերժեն: Չլինելով իրավաբան՝ այդուհանդերձ, կարող ենք փաստել, որ, սովորաբար, հին օրենքը ուժը կորցրած է ճանաչվում նոր օրենքն ուժի մեջ մտնելու պարագայում: Այս տարրական հարցադրմամբ զանգահարեցինք թեժ գիծ և խոսեցինք Կադաստրի կոմիտեի մի շարք «մասնագետների» հետ: Իրենց վրայից «քերելով» հարցին պատասխանելու պարտավորությունը՝ նրանք բազմաթիվ անգամներ հարցը վերահասցեագրեցին այլ «մասնագետների»: Բանը հասավ նրան, որ հաջորդները սկսեցին վերստին վերահասցեագրել նախորդներին՝ վերջիններիս անվանելով ստախոս: Իրականում՝ «նախորդների» և «հաջորդների» նախաձեռնած այս կարուսելի ընթացքում «մասնագետները» ոչ թե հարցին էին պատասխանում, այլ անտեղյակության հարցում մրցում էին իրար հետ:

Ի վերջո, վերոհիշյալ կարուսելի վերջնակետում գործին խառնվեց մի բավականին «փորձառու» «մասնագետ» և շռնդալից կերպով սկսեց պաշտպանել բանից անտեղյակ նախորդ «մասնագետներին»՝ «դա իրենց ոլորտը չէ, որ էդ աղջիկը Ձեզ պատասխանի»: Բնականաբար, մենք էինք «մեղավոր», որ թեժ գծին նստած են, հավանաբար, Կադաստրի ղեկավարի հորեղբոր թոռնուհիները կամ կնոջ քեռու հարսները, ուստի և տեղյակ չէին ոլորտից: Մի խոսքով՝ վերջին ճարտասանը հանճարեղ կերպով տվեց մեզ և բազմաթիվ քաղաքացիներին հուզող հարցի «պատասխանը». կտրելով գորդյան հանգույցը՝ նա առաջարկեց հարցը ներկայացնել… գրավոր տեսքով:

Փաստորեն, Կադաստրի կոմիտեն այս օրերին «մերժում է» գործող («հին») օրենքը և սպասում Նախագահի կողմից նոր օրենքի ստորագրմանը: Եվ, քանի դեռ Նախագահը ժամանակ չի գտել՝ ստորագրելու նոր օրենքը, ստացվում է, որ Կադաստրի կոմիտեում նշված խնդրի մասով օրենք չի գործում, այն է՝ օրենքի վակուում է:

Մեզ մնում է՝ «Շունն ու կատուն» հայտնի ստեղծագործության օրինակով ամեն օր կա՛մ այցելենք, կա՛մ զանգահարենք Կադաստրի կոմիտեի թեժ գծին պատասխանող՝ «Կոմիտեի նախագահի կնոջ քեռու հարսներին» և հարցնենք՝ «մեր Նախագահը ստորագրե՞ց օրենքը»:

Այդուհանդերձ՝ հռետորական հարց. մինչ նոր օրենքի՝ ուժի մեջ մտնելը ո՞ր օրենքով է առաջնորդվում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և, ընդհանրապես, օրենքով առաջնորդվու՞մ է, թե՞ ոչ:

 

Վ. Սարգսյան

No description available.