կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-19 20:25
Իրավական

Ժամանակն է, որ հինը հիմնովին մաքրվի. Վլադիմիր Գասպարյան

Հունվարի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
 
Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Կոլեգիայի նիստի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին  ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված գործընկերների հիշատակը:
Անդրադառնալով հաշվետու շրջանում համակարգում իրականացված բարեփոխումների գործընթացին` Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց դրա շարունակականության ու որակական կատարելագործման անհրաժեշտությունը:
 
ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
 
Նշվեց, որ հաշվետու տարում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվի աճով և հանցագործությունների հայտնաբերման և հաշվառման աշխատանքների բարելավման արդյունք է:
Միևնույն ժամանակ,  17,2%-ով նվազել է առանձնապես ծանր և 11,4%-ով ծանր հանցագործությունների թիվը` հիմնականում պայմանավորված սպանությունների, սպանության փորձերի և բնակարանային գողությունների թվի նվազմամբ:
 
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների նվազման պարագայում 17,7%-ով աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը: 
Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 5,3%-ով, ծանր հանցագործություններով՝ 5,8%-ով:
2016թ. համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, խուլիգանության, ավազակության, կողոպուտի, գողության,  խարդախության և մի շարք այլ դեպքերով: 
 
Նկատելիորեն աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավե¬տությունը: Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 119-ով (857-976): Միևնույն ժամանակ, 53,8%-ով աճել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված  հանցագործությունների թիվը: 
 
Հաշվետու տարում 18,2%-ով աճել է  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը, իսկ բացահայտման արդյունավետությունն աճել է 0,4%-ով: 
2017թ. ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 634 հանցագործության դեպք, ինչը 48,1%-ով ավել է նախորդ տարվա համեմատ: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 163-ը կաշառակերության դեպքեր են, որոնցից 62-ը հայտնաբերվել է ոստիկանության ջանքերով:
 
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1.559 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 937 ծառայող:
Վերլուծելով օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներն ու բացթողումները՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարեփոխումների արդյունավետության համատեքստում կարևորեց ոստիկանության անձնակազմի որակական բարելավման խնդիրը:
 
Անդրադառնալով հաշվետու զեկույցում առաջադրված խնդիրներին եւ նշելով դրանց լուծման ուղղությունները՝ ոստիկանության պետն առանձնացրեց երթևեկության անվտանգության ապահովման հիմնահարցը և հանձնարարեց վերլուծել մահվան ելքով վթարների հանգամանքներն ու համապատասխան միջոցներ ձեռնարկել: 
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ծառայության մեջ աչքի ընկած ստորաբաժանումների աշխատանքի արդյունքներն ու տվեց համապատասխան հանձնարարականներ:
 
Ոստիկանության կոլեգիայի նիստի ավարտին պարգեւատրվեցին ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ոստիկանության բաժինները:
Լավագույնի կոչմանն ու պարգեւների արժանացան նաեւ համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ: