Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-02-02 16:47
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս դատավարությունը հրեշավոր ծրագրի մի մաս է․ Քոչարյանը և մյուսները դատը քաղաքական են համարում

Այս քրեական գործը կապված է ընտրական և հետընտրական գործընթացների հետ, ինչը ամբողջությամբ քաղաքական պրոցես է և ակնկալել, որ այս գործը քաղաքական չպետք է լինի, նշանակում է այս գործը չլսել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի է ունենում Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը:

Ռոբերտ Քոչարյանը իր ելույթում այս մոտեցումը հնչեցրեց՝ արձագանքելով դատավորին, որը թույլ չտվեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին ավարտել ելույթը՝ այն համարելով քաղաքական։

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ներկայացնելով միջնորդությունը՝ փաստաբանը նշել էր, որ նիստերից մեկի ընթացքում դատավորը, առանց թույլտվության, հրապարակել է իր պաշտպանյալի կնոջը վերաբերող բժշկական գաղտնիք, ինչի կապակցությամբ նա դիմել է դատախազություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով, սակայն մերժում է ստացել։ Ըստ պաշտպանի՝ դատավոր Դանիբեկյանը կողմնակալ վերաբերմունք ունի Արմեն Գևորգյանի նկատմամբ և կաշկանդված է դատախազությունից ու ՀՔԾ-ից։

Արմեն Գևորգյանը փորձեց հայտարարությամբ հանդես գալ․ «Ամբողջ պրոցեսը հրեշավոր ծրագրի կարևոր օղակ է։ Ծրագրի հիմնական մասը բանակը որպես գլխավոր մեղավոր նշանակելն է․․․»։

Դատավորը, սակայն, թույլ չտվեց շարունակել՝ ասելով, որ դատարանում քաղաքական հայտարարություններ չեն անում։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ չի կարող լինել քաղաքական գործընթացի մասին դատավարություն առանց քաղաքական կոմպոնենտի։

Բացարկի միջնորդությանը միացան նաև պաշտպաններ Արամ Վարդևանյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը։

Ավելի ուշ Արմեն Գևորգյանը տարածեց իր հայտարարությունը սոցիալական ցանցի էջով։

Մանրամասն՝ տեսանյութում․