Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-02-02 14:08
Հասարակություն

Այս ողջ դատավարությունը եղել է հրեշավոր ծրագրի կարևոր օղակներից մեկը. Արմեն Գևորգյան

Այս ողջ դատավարությունը եղել է հրեշավոր ծրագրի կարևոր օղակներից մեկը. Արմեն Գևորգյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հայտարարությամբ հանդես եկավ։

Նրա խոսքով՝ այս ողջ ընթացքում լռել է, սակայն այսօր կխոսի։ «Այս ողջ դատավարությունը եղել է մի հրեշավոր ծրագրի կարևոր օղակներից մեկը, հրեշավոր մի ծրագիր, որը ենթադրում էր բաժանել մեր հասարակությունը սևի ու սպիտակի...», - ասաց Գևորգյանը, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց խոսքը շարունակել։ 

Աննա Դանիբեկյանը զգուշացրեց՝ եթե  Գևորգյանը շարունակի խոսել, կզրկի ձայնի իրավունքից։

Գևորգյանը, սակայն, շարունակեց. «Այդ ծրագրի հիմնական մասն էր բանակին նշանակել որպես 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների նոր ու գլխավոր մեղավոր. դրանով Նիկոլ Փաշինյանը փորձել է իր վրայից հանել 10 զոհերի...»։

Դատավորն արգելեց շարունակել խոսքը։ «Դատարանը քաղաքական հարցերի քննարկման համար պատշաճ վայր չէ»,- ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը։

«Ես ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ այդ դատարանն ինձ համար համարվում է ապօրինի, անօրինական, ես հրաժարվում եմ ձեզ հետ որևէ ձևով առնչվել»,- ի պատասխան հայտարարեց Արմեն Գևորգյանը։