կարևոր
3724 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-02 13:32
Քաղաքական

Այս հրեշավոր ծրագրի իրագործման ավարտին ունենալու ենք հայաթափված Արցախ ու թուրքացված Հայաստան․ Ալվինա Աղաբաբյան

Այս հրեշավոր ծրագրի իրագործման ավարտին ունենալու ենք հայաթափված Արցախ ու թուրքացված Հայաստան․ Ալվինա Աղաբաբյան

Մայիսի 1-ից Վաշինգտոնում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև բանակցությունները։ Մինչ ՀՀ ԱԳՆ-ն «լռում է», ամերիկյան կողմի արած հայտարարություններից պարզվում է, որ ի թիվս այլ հարցերի` հանդիպմանը քննարկվել են «երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը»։

Ի՞նչ ասել է սա։

Դժվար թե հանդիպմանը քննարկվեր Հայաստանում բնակվող ազգաին փոքրամասնությունների՝ եզդիների, ասորիների ու ռուսների իրավունքների ու անվտանգության խնդիրը, որովհետև նման խնդիր պարզապես չկա։

Վստահաբար չի քննարկվել նաև Ադրբեջանում թալիշների, թաթերի, լեզգիների, ուդիների և այլ տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ պետականորեն տարվող ձուլման և ուծացման քաղաքականությունը։

Փաստացի «հայ»-ադրբեջանական կոչվող այս բանակցութուններին «հայկական» կողմը

▪️ հերթական անգամ փաստել է, որ Արցախը համարում է Ադրբեջանի մաս, Արցախի բնակչությանն էլ դիտարկում է որպես Ադրբեջանի կազմում բնակվող էթնիկ փոքրամասնություն,

▪️ թշնամու հետ քննարկել, գուցե նաև արդեն պարտավորություններ է ստանձնել Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու և նրանց «իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու» վերաբերյալ։

Հասկանալի՞ է, չէ՞, որ այս հրեշավոր ծրագրի իրագործման ավարտին ունենալու ենք հայաթափված Արցախ ու թուրքացված Հայաստան՝ թուրքական վիլայեթի տեսքով կամ Ադրբեջանի կազմում որպես «Իրևանի տնտեսական գոտի» և «Գյոյչա-Զանգեզուրյան Հանրապետություն»․․․:

Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար